Օրհասական է «Նաիրիտի» հարցը։ Գործարանը վերակենդանացնելու համար շուտափույթ լուծում է պահանջվում։ Գործարանի աշխատակիցները ձեռնոց են նետում Հայաստանում ընդդիմադիր գործունեություն ծավալող քաղաքական ուժերին՝ միանալու իրենց և ապացուցելու, որ իրենք անկեղծորեն մտածում են երկրի ապագայի մասին, ոչ թե այս կամ այն ամբիոնից պոպուլիստական հայտարարություններ են անում։
Պետք է մեկ կարևոր հանգամանք ևս շեշտել։ Ինչո՞ւ նաիրիտցիները հենց հիմա որոշեցին քաղաքական ուժերին փորձության ենթարկել։ Առջևում ընտրություններն են, իսկ հասարակությանը համոզելու համար, որ իրենք արժանի են հայրենի խորհրդարանում լինելու, շատ դժվար կլինի։ Սա ևս մեկ «փորձություն» է, որն, իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունների չանցնելու դեպքում, շատ տհաճություններ կունենան։ Այլ կերպ ասած՝ նաիրիտցիները կարող են վերջնականապես «փչացնել» առանց այն էլ քաղաքականապես փչացած ընդդիմադիր ուժերը։ Այս հարցում հատկապես կարևոր կլինի տեսնել նոր ձևավորված կուսակցությունների արձագանքը, օրինակ` «Ալյանս», «Համախմբում» կուսակցությունների, որոնք քաղաքական դաշտ են մուտք գործել որպես ընդդիմադիր և հիմա պետք է ապացուցեն իրենց իսկապես ընդդիմադիր լինելը։
Հարկ ենք համարում օրինակ բերել Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, ով մինչև նախարար դառնալը բավական ակտիվ մասնակցում էր նաիրիտցիների պայքարին։ ԱԺ-ում ամեն առիթով բարձրաձայնում էր աշխատավարձերի, գործարանի վերագործարկման հարցը։ Անգամ նախարար դառնալուց հետո խոստացավ ամեն գնով օգնել ու լուծել գործարանի հարցը։ Սակայն, այսօր դաշնակցական նախարարը հետ է քաշվել, մնացած պաշտոնյաների նման լղոզված պատասխաններ է տալիս նաիրիտցիներին կամ ընդհանրապես չի արձագանքում։ Փաստ է, որ պաշտոնն այն գինն էր, որի համար Արծվիկ Մինասյանը հրաժարվեց իր որդեգրած սկզբունքներից, հրաժարվեց արդարության և Հայաստանի տնտեսության զարգացման համար պայքարից, հրաժարվեց իր տված խոստումներից։ Ցավալի է, բայց պետք է փաստել դա։
Նաիրիտցիները հինգշաբթի օրը, ժամը 11։00-ին Կառավարության նիստին զուգահեռ կհավաքվեն և երթ կանեն դեպի Բ26։ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ նրանք պատրաստվում են բաց նամակ հանձնել Սերժ Սարգսյանին։ Նամակի բովանդակությունը մոտավոր լինելու է այն, որ Սերժ Սարգսյանն անձամբ իր ձեռքը վերցնի այս հարցի կարգավորումը, հանձնարարականներ չտա նախարարություններին, քանի որ դառը փորձը ցույց է տվել, որ անիմաստ ու ապարդյուն է որևէ նախարարությունից կամ նախարարից ինչ-որ բան սպասելը։ Նման նամակներ գործարանի աշխատակիցները բազմիցս հանձնել են։ Սակայն հույս ունեն, որ այս բաց նամակը նախորդների ճակատագրին չի արժանանա։
Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության»: Համոզվենք, ՀՅԴ, հրավիրում ենք։
«Բարգավաճ Հայաստան»՝ «Կուսակցության նպատակներն ազնիվ են։ Մեր ցանկությունը՝ արդար, իրավական ու բարեկեցիկ պետություն ունենալն է»։ Համոզվենք, ԲՀԿ, հրավիրում ենք։
Հայ Ազգային Կոնգրես՝ «Կուսակցության նպատակն է սոցիալ–ազատական, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական և հոգևոր զարգացումը: Համոզվենք, ՀԱԿ, հրավիրում ենք։
Օրինաց Երկիր՝ այսօր «Հայկական վերածնունդ»՝ «Հայկական վերածնունդը» ոչ միայն մտնելու է խորհրդարան, այլ նաև մտնելու է ծանրակշիռ ազդեցությամբ»։ Համոզվենք, հրավիրում ենք։
«Ժառանգություն» կուսակցություն՝ «Տնտեսական զարգացում, աշխատատեղերի ստեղծում, արժանապատիվ աշխատանքի եւ հաց վաստակելու հնարավորությունների ընձեռում»։ Համոզվենք, հրավիրում ենք։
Բանվորական միություն, հրավիրում ենք։
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, հրավիրում ենք։
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», հրավիրում ենք։
«Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցություն», հրավիրում ենք։
«Չորրորդ հանրապետություն» կուսակցություն, հրավիրում ենք։
«Ազգային միաբանություն», հրավիրում ենք։
«Համախմբում կուսակցություն», հրավիրում ենք։
Հրավիրում ենք ձեզ՝ մեր պահանջները բազմիցս ճիշտ և արդար լուսաբանող լրագրողներ։ Հրավիրում ենք նաիրիտցիներին՝ ներկա, նախկին»։
Քրիստինա Աղալարյան