Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմբանկ»-ը Ադրբեջանում գազավերամշակման նախագծի ֆինանսավորման մեջ կմասնակցի 5 մլրդ դոլար ներդրումային չափաբաժնով:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ' SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:

 

Նշվում է, որ մասնավորապես, համաժողովի շրջանակում այդ նախագծի իրականացման համար SOCAR-ի եւ «Գազպրոմբանկ»-ի միջեւ հուշագիր է ստորագրվել:

 

Պատասխանելով ռուսաստանյան բանկի կողմից նախագծի ֆինանսավորման ծավալի մասին լրագրողի հարցին՝ SOCAR-ի նախագահ պատասխանել է. «5 մլրդ դոլարի կարգի»:

 

Նշվում է, որ նախագծի ֆինանսավորմանը կարող են մասնակցել իտալական ընկերությունները եւս:

 

Ռովնագ Աբդուլլաեւի խոսքով' Ադրբեջանում գազավերամշակման համալիրի շինարարությունը կսկսվի եկող տարի: