Երևանում հուլիսի 4- 9-ը կկայանա Ժամանակակից արվեստի և երաժշտության HassFest փառատոնը։ Փառատոնի շրջանակներում Երևանի մի շարք թանգարաններում և պատկերասրահներում ներկայացվելու են ազգությամբ հայ 12 նկարիչների և արտերկրի 12 կոմպոզիտորների աշխատանքները, նրանց համագործակցությամբ ստեղծված աուդիո-վիզուալ սինթեզը, տեղի են ունենալու համերգներ, պերֆորմանսներ և վարպետության դասեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Progressive Art գործակալությունից, HassFest 2016-ի հիմնական ծրագիրը կներկայացնի 12 նկարիչների և 12 կոմպոզիտորների համագործակցությամբ ստեղծված երաժշտական և գեղանկարչական ստեղծագործությունները: Զուգահեռաբար, արտերկրից հրավիրված մեր հատուկ հյուրերը կմասնակցեն HassGuitar Fest կիթառային երաժշտության փառատոնին, որի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր, իսկ փառատոնային երեկոները կուղեկցվեն կիթառայի ն մենահամերգներով:
Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են Սերժ Թանկյանը՝ System Of A Down ռոք խմբի մենակատարը, որը փառատոնի շրջանակներում կներկայացնի իր նկարչական աշխատանքները, ամերիկահայ նկարիչ Լյուսի Աբդալյանը հուլիսի 9-ին կներկայացնի ստեղծագործական պերֆորմանս, Լոնդոնում բնակվող նկարիչ Թալին Թեմիզյանը, որի գործիքները չեն սահմանափակվում ներկերով և վրձինով, նա աշխատում լույսի աղբյուրներով, լամպերով, ինչպես նաև բրիտանական X. Y. անսամբլը, որը բացման արարողության հատուկ հյուրն է. անսամբլը կկատարի փառատոնի մասնակից 12 կոմպոզիտորների' HassFest-ի շրջանակներում գրած ստեղծագործությունները։
HassFest փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն կոմպոզիտորներ Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից, Չինաստանից, Միացյալ Թագավորությունից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «HassFest փառատոնի նպատակն է միավորել արվեստի տարբեր ճյուղեր՝ ծնունդ տալով հայ և այլազգի արվեստագետների համագործակցության: Արվեստների սինթեզ բերող այս փառատոնը նոր հորիզոններ է բացում հայաստանյան մշակութային միջավայրի զարգացման և ընդլայնման համար, ինչպես նաև հնարավորություն տալիս հայ արվեստագետներին' դուրս գալ միջազգային ասպարեզ և իրենց ստեղծագործությունները հասանելի դարձնել արվեստագետների առավել լայն շրջանակներին: Փառատոնն ամենամյա բնույթ ունի, յուրաքանչյուր տարի այն Հայաստա ն կբերի արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների»: