ՄԱԿ-ի՝ խաղաղ նպատակներով տիեզերական տարածքի օգտագործման հարցերով կոմիտեի 59-րդ նստաշրջանում ռուսական պատվիակության ղեկավար Վիկտոր Շիլինը «Իզվեստիա» թերթին ասել է, որ Ռուսաստանը ծրագրում է բացել հասանելիությունը իր երկրամերձ օբյեկտների կատալոգի նկատմամբ:

 

Ռուսական ծառայությունը կլինի ամերիկյան NORAD կատալոգի նմանօրինակը, բայց այնտեղ կլինեն ոչ միայն քաղաքացիական արբանյակները և տիեզերական աղբը, այլև տեղեկությունը, որը չկա ԱՄՆ տիեզերական պաշտպանության USSPACECOM հրամանատարության բաց տվյալներում: Բացի ռազմական նշանակության օբյեկտներից՝ NORAD-ը փակում է դաշնակիցների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի և Ճապոնիայի պաշտպանական արբանյակների տվյալները: Միաժամանակ, ռազմական նշանակության ռուսական արբանյակները կատալոգում առկա են:

 

Մոսկվան առաջարկում է տվյալների ազգային բազաները միավորել միասնական կատալոգում՝ հասանելի տիեզերական գործունեություն իրականացնող ցանկացած երկրի համար: Այդ համակարգը կկարողանար տեղեկացնել պոտենցիալ վտանգավոր դեպքերի մասին ինչպես տիեզերքում սարքերի, այնպես էլ Երկրի վրա օբյեկտների համար, ինչպես նաև նախազգուշացնել հրթիռների արձակման համար հնարավոր սպառնալիքների մասին:

 

Այս նախաձեռնությանը ՄԱԿ-ում աջակցել է Չինաստանը, ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել՝ ցանկանալով պահպանել երկրամերձ տարածքում «շարժման կարգավորողի» իր մենաշնորհը՝ թերթին ասել է նստաշրջանի մեկ այլ մասնակից:

 

«Ամերիկացիները կարող են չմտահոգվել իրենց ռազմական տիեզերական սարքերի ուղեծրային տվյալների գաղտնազերծման առումով, դա ամեն դեպքում տեղի կունենա»,- եզրափակել է Շիլինը: