Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան չորեքշաբթի ստորագրել է նոր հակաահաբեկչական օրենքը, որը ենթադրում է նաև գաղտնալսելու հնարավորություն: Ավելի վաղ կառավարության, սեյմի և Լեհաստանի սենատի կողմից հաստատված օրենքը նախատեսնում է անվտանգության ծառայությունների լիազորությունների զգալի ընդլայնում, այդ թվում՝ տարբեր տարածքներում խոսակցություններ ի գաղտնալսումների և տեսաձայնագրման հնարավորություն, թղթակցության և արտասահմանցիների ծանրոցների ստուգում՝ ահաբեկչության դեմ գործնական պայքարի շրջանակներում մոտակա երեք ամսվա ընթացքում:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ օրինագիծն առաջին իսկ օրվանից քննադատել են Լեհաստանի ընդդիմությունն ու Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները: Նրանք նշում էին, որ փաստաթղթի ընդունումը կսահմանափակի երկրի բնակիչների իրավունքներն ու ազատությունները: Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել նախագահին օրինագիծն ուղարկել Սահմանադրական դատարան: