Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ադրբեջանական կողմի փորձն է սեփական ձևով մեկնաբանել ձեռք բերված պայմանավորվածությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

Զախարովան կոչ է արել առաջնորդվել այն հայտարարությամբ, որն ընդունվել է Սանկ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ: Մնացած բոլոր հայտարարությունները Մարիա Զախարովան որակել է հանդիպման արդյունքները մեկնաբանելու անբարեխիղճ փորձեր: «Կա հստակ հայտարարություն, այն հրապարակվել է, այն հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ և պետք է առաջնորդվել դրանով, այլ ոչ թե կամայական մեկնաբանություններով կամ ինչ-որ մեկի կողմից այլասերված մեկնաբանություններով»,- ասել է Զախարովան:

 

Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ասել էր, թե Սանկտ-Պետերբուրգում կողմերը հասել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման մասին պայմանավորվածության։