Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, գրում է Interfax-ը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հանդիպումը համարում է «կարևոր քայլ տարածաշրջանային անվտանգության հարցում»։ «ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է տարածաշրջանի ապագա զարգացումն ապահովելու խաղաղության և անվտանգության պայմաններում և բխում է Բաքվի շահերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ հանդիպման արդյունքներով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարներին սկսել աշխատանքը ապագա խաղաղության պայմանագրի շուրջ՝ հիմնված մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից ներկայացված նախաձեռնության և ներկայացված հիմնարար սկզբունքների վրա։ Բացի այդ՝ կողմերը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով համատեղ սահմանային հանձնաժողով։
«Հանդիպման ընթացքում Ալիևը, Միշելը և Փաշինյանը շեշտել են հումանիտար միջոցառումների կարևորությունը կողմերի միջև խաղաղության և վստահության ամրապնդման գործում՝ ներառյալ անհայտ կորածների հետ կապված հարցերի լուծումը։ Ղեկավարները նաև նշել են երկու երկրների միջև տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացման կարևորությունը։ Հաստատվել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։