Հռոմի Պապի հղած քաղաքական և կրոնական ուղերձը, որպես իր այցի մեկնաբանություն, ասում է, թե որքան կարևոր է Հայաստանը քրիստոնյա աշխարհի համար: ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը և քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են Հռոմի Պապի Հայաստան կատարելիք այցի կարևորության մասին:
ԱԺ պատգավորը երկու կարևոր հարցադրում առանձնացրեց. նախ, որ Հռոմի Պապի այցելությունն ի սկզբանե պետք է տարածաշրջանային լիներ, սակայն վերջում այն փոխվել է, և երկրորդ՝ Հռոմի Պապի ուղերձը, որում նա շատ հստակ նշում է, թե սա ուխտագնացություն է, ինչը շատ կարևոր է հենց մեզ համար:
«Պատահական չէր, որ անվանումը ուխտագնացություն է, շատ դժվար կլինի պատկերացնել ուխտագնացությունը դեպի Ադրբեջան: Սա նաև պարտավորեցնող է բոլոր հայերիս համար, որովհետև կարևորվում է հավատքը: Հռոմի Պապի այցելությունը շատ հզոր ազդակ կլինի Թուրքիային»,- նշեց Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով, լավագույնն այն կլիներ, եթե Պապի այցելությունների վայրերի շարքում լիներ նաև Շուշին:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Հռոմի Պապի այցելությունը վերին աստիճանի կարևոր, պատմական իրադարձություն համարեց, որ նա իր քաղաքական և կրոնական ուղերձում ասում է, թե որքան կարևոր է Հայաստանը քրիստոնյա աշխարհի համար:
«Հիշատակել, որ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է, հիշատակել որ հավատքի համար այս ազգը մեծագույն զրկանքներ է կրել, բայց հավատը պահել է, այն էլ այսպիսի բարդ տարածաշրջանում՝ սա վերին աստիճանի կարևոր է այսպիսի քաղաքական իրավիճակում հայտնված Հայաստանի համար: Ես վստահ եմ, որ եթե չլիներ Հռոմի Պապի ելույթը և ցեղասպանության դատապարտումը նրա կողմից, թերևս Գերմանիայում կամ որևէ այլ երկրում այդ խնդրի բարձրաձայնումը կամ ճանաչումը այդքան հեշտ չհաջողվեր: Այժմ, ըստ էության, Հռոմի Պապը թիրախավորում է Հայաստանը՝ որպես Կովկասում առանցքային պետություն քրիստոնյա համայնքի և աշխարհի համար»,- Նշեց Սաֆարյանը:
Բանախոսի կարծիքով, սա միմիայն ավելացնում է Հայաստանի քաղաքական անվտանգությունը…
Թե ինչպես կօգտագործի Հայաստանը այս ամենը, դա արդեն կախված է մեզանից: