«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ մշակույթի նախարարության նախկին պաշտոնատար անձինք խոշորածավալ վատնումներ են թույլ տվել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի 2016 թվականի հայաստանյան այցը կազմակերպելու գործընթացում:
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնաբերված վատնումների վերաբերյալ հաղորդագրություն տարածեց՝ չնշելով սակայն, որ խոսքը վերաբերում է Հռոմի պապի այցի կազմակերպմանը: Ըստ հաղորդագրության՝ ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ այցը կազմակերպելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 576 մլն. դրամ, որը նախարարի գաղտնի հրամանով տրվել է մի ՍՊԸ-ի (անուն չի նշվում), կնքվել նվիրաբերության պայմանագիր: Այս ընկերությունն էլ, ընդհանուր 16.3 մլն դրամ արժեքով ձեռք է բերել կարմիր գորգ, շապիկ, անձրևանոց, պոլիէթիլենային թաղանթ։
Դատախազությունը պարզել է նաեւ, որ կատարվել են 22 մլն դրամի արգելապատնեշների պատրաստման աշխատանքներ։ Բացի այդ, ՍՊԸ-ի կողմից նաեւ ներկայացվել են փաստաբանական ծառայությունների ծախսեր, սակայն չի հիմնավորվել դրանց կապը Հռոմի պապի այցի հետ: Նշենք, որ Հռոմի պապը Հայաստան էր ժամանել 2016 թվականի ամռանը, իսկ այդ ժամանակ Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Հասմիկ Պողոսյանը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: