Հայաստանի Հանրապետություն Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այցի պաշտոնական տարբերանշանի մեջ օգտագործված է նաև բիբլիական Արարատը:

 

«Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ, իրականացնելու համար, ինչպես ճանապարհորդության կարգախոսն է ասում, «այց առաջին քրիստոնյա երկիր»,- Հայաստան այցին ընդառաջ հղած իր ուղերձում գրել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը:-Եվ գալիս եմ որպես ուխտագնաց, այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե` ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից»:

 

Հռոմի Սրբազան Քահանայապետը, ի պատիվ իրեն, շատ լավ հասկանում է, թե ուր է եկել: Նա եկել է Հայաստան` բիբլիական Արարատի երկիր, Նոյյան տապանի երկիր, փրկության երկիր…

 

Սովորական լե՞ռ է արդյոք Արարատը, որը պարզապես աչքի է ընկնում իր բարձրությամբ ու բացառիկ գեղեցկությամբ, թե նաև տիեզերական կամ աստվածային ինչ-որ միստիկ խորհուրդներ ունի…

 

Մոտ մեկուկես ամիս առաջ մենք հրապարակեցինք Մասիսի գագաթին հայտնված լուսեղեն խաչի մասին, որը լուսանկարվել է Երևանից: Առանց աստվածային միջամտության, կամարտահայտության, դա, կարծում ենք, այլ կերպ բացատրել անհնար է: Հոդվածն ունեցավ ավելի քան 70 000 ընթերցում և մի քանի տասնյակ մեկնաբանություններ, որոնց հեղինակների մեծ մասը նույնպես այն կարծիքն արտահայտեց, որ դա աստվածային նախախնամություն արտահայտություն է, ինչպես ասում են, Աստծո ձեռքի գործ: Ճիշտ է, որպես անհավատության արտահայտություն, եղան Մասիսի գագաթին լուսեղեն խաչի հայտնվելը բացատրելու այլ փորձեր ևս, սակայն բոլորն էլ անհաջող, քննության չդիմացող, այդ դեպքում առաջացող հարցերին պատասխան չտվող: Մեր սուրբ լեռան գագաթին լուսեղեն խաչի հայտնվելու իրողությանն առաջիկայում հավանաբար դեռ կանդրադառնանք, կներկայացնենք հոգևորականների, թերևս նաև գիտնականների կարծիքներն այդ կապակցությամբ: Բայց ինչո՞ւ հենց Մասիսի գագաթին է հայտնվել այդ խաչը, Մասիսն ինչ-որ առանձնահատկություն կամ առանձնահատկություննե՞ր ունի…

 

Այո, Մասիսը ծովի մակերևույթից իր բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռներից մեկն է (բարձրությունը՝ 5165 մ), և աշխարհում առաջինն է իր հարաբերական բարձրությամբ (ստորոտից մինչև գագաթ` 4300 մետր): Այո, Մասիսը նաև աշխարհի ամենագեղեցիկ լեռն է, ընդ որում, այս գնահատականը բխում է բացառապես իրականությունից, և ոչ թե նրանից, որ այն մերն է: Հակառակ պարագայում նույն կարծիքը չէին արտահայտի նաև օտարազգի բազմաթիվ հայտնի ճանապարհորդներ, հետազոտողներ, գրողներ, արվեստագետներ և նշանավոր այլ անձինք:

 

Իր գեղեցկությամբ Մասիսին աշխարհում մոտենում է միայն Ճապոնիայում գտնվող հռչակավոր Ֆուձիաման: Սակայն սոսկ մոտենում է, չի հավասարվում, քանի որ ծաղկող բալենիների երկրի այդ գեղեցիկ լեռը միայնակ է, հարևանությամբ կամ որպես իր շարունակություն, չունի իր փոքր նմանակին, այլ կերպ ասած, Սիս չունի: Իսկ մեր Մասիսը կարծես Աստծո ժայռեղեն ստորագրությունը լինի Երկիր մոլորակի վրա: Եվ, այնուամենայնիվ, միայն իր գեղեցկության և հարաբերական բարձրության բացառիկությա՞մբ է, որ Մասիսն առանձնանում է աշխարհի մնացած բոլոր լեռներից… Միայն այդ բարձրության ու գեղեցկության մե՞ջ է նրա յուրահատկությունը կամ առանձնահատկությունը, միայն դրա համա՞ր է բիբլիական լեռը դեռ հազարամյակներ առաջ, երկրի վրա Քրիստոսի ծննդից էլ շատ առաջ սրբացվել մեր վաղնջական նախնիների կողմից: Թերևս միայն այս երկու իրողությունը, որ Աստված մարդուն իր պատկերով ու նմանությամբ ստեղծել է Մասիսի ստորոտում (Հայկական լեոնաշխարհում), և մարդկության փրկությունն էլ Նոյի ու նրա հետ տապանում գտնվողների միջոցով տեղի է ունեցել սուրբ լեռան վրա տապանի կանգնելուց հետո, հուշում կամ վկայում է, որ Մասիսը սոսկ իր գեղեցկությամբ ու բարձրությամբ չէ, որ առանձնանում է աշխարհի բոլոր մյուս լեռներից:

 

2013թ. Շվեյցարիայում գերմաներենով լույս է տեսել շվեյցարացի պրոֆեսոր Ռիքլիի հեղինակած «Բնական ու քաղաքակրթական պատկերներ կովկասեան երկրներեն ու Հայաստանեն» գիրքը (գրքի վերնագիրը հայտնի է նաև այս տարբերակով` «Բնական եւ աշխարհագրական պատկերներ կովկասեան երկրներեն ու Հայաստանեն», առաջիկայում կփորձենք ճշտել իրականությունը): Հետագայում այդ փոքրիկ գիրքը թարգմանվել է հայերեն: Գիրքը լույս է տեսել նաև 1949 թվականին Շտուտգարտում, թեև հետպատերազմական այդ ժամանակաշրջանում Գերմանիան ծանր վիճակում է եղել: Այն թարգմանվել է հայերեն: Գրքի հեղինակի ղեկավարած արշավախմբի անդամները 1911 թվականին եկել ու բարձրացել են Արարատի գագաթ: Այս գրքի և նրանում առկա մի կարևոր դրվագի մասին առաջին անգամ հայտնել է Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Երևանի թատրոնի կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը: Նրա տեղեկացմամբ, երբ պրոֆեսոր Ռիքլիի արշավախմբի անդամները բարձրացել են Արարատի գագաթը, պրոֆեսորը նրանց ասել է, որ Արարատ լեռը հավասարաչափ հեռավորության վրա է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներից, Ասիան ու Ամերիկան բաժանող Բերինգի նեղուցից և Աֆրիկայի հարավային ծայրակետը կազմող Բարեհուսո հրվանդանից: Այն հավասարակշռության կենտրոն և խաչմերուկ է: Հետաքրքիր է` ի՞նչ կասեն մեր աշխարհագրագետներն այս կապակցությամբ, 21-րդ դարում վերոնշյալը չափելը, պարզելը մասնագետների համար, կարծում ենք, բոլորովին դժվար չէ:
Դավիթ Մուրադյանն ուշադրություն էր հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ գրքի վերնագրի տրամաբանությամբ Կովկասն ու Հայաստանը նույնական չեն, ինչպես որ ամենևին էլ կովկասածին չեն... մեր էպոսի հերոսները: Իսկ սա արդեն նշանակում է, որ գրքի հեղինակը՝ պրոֆեսոր Ռիքլին և նրա ղեկավարած գիտական արշավախմբի անդամները, ովքեր ավելի քան հարյուր տարի առաջ բարձրացել են Մեծ Արարատ, մեր երկիրն ընկալել են ամբողջությամբ, ընդ որում` աշխարհագրականն ու քաղաքակրթականը՝ միասնաբար:
Սակայն, ըստ Դավիթ Մուրադյանի, «Սա չէ, որ բնականից մեզ տրված իրողությունը դարձնում է շոշափելիության չափ միստիկական: Արարատի տեղակայությո՛ւնն է փշաքաղեցնում, որպես մի համաշխարհային հանգուցակետ... »: Այո՜, փշաքաղեցնում է, եթե իսկապես ճիշտ է այս տեղեկությունը:

 

Կա ևս մեկ ուշագրավ համընկնում` նկատված տողերիս հեղինակի կողմից, որը կարծես նույնպես հուշում է Արարատի հետ կապված աստվածային նախախնամության մասին: Գիտեմ` հավատացյալները դրանում կասկած չեն ունենալու, անհավատներն ասելու են պատահականություն է, իհարկե, չկարողանալով բացատրել, թե այդքան և այդ աստիճան պատահականություն ինչպես կարող է լինել:
Թերևս բոլորին է հայտնի, որ Մեծ Մասիսի կամ Արարատի բարձրությունը ծովի մակերևույթից 5165 մետր է: Գումարեք այս թվերն իրար, ստացեք արդյունքը և դրա թվերի գումարմամբ` վերջնարդյունքը որպես միանիշ թիվ (5+1+6+5=17. 1+7=8): Թե ինչո՞ւ գումարել և ոչ թե հանել, բազմապատկել կամ բաժանել` ունի իր հիմնավորումը, բայց այն ներկայացնելն առանձին հրապարակման նյութ է: Երկնքից նայելիս Մասիսի և Սիսի հիմքերի միմյանց հարակից շրջագծերն ուրվագծում են հենց 8-ը: Ընդ որում, օղակներից մեկը` Սիսի հիմքի շրջագիծը, մյուս օղակից` Մասիսի հիմքի շրջագծից ավելի փոքր, ինչպես գրում ենք «8» թվանշանը, որը, ի դեպ, դեռ խորհրդային տարիներին առաջացած գիտությանը հայտնի էր արդեն ոչ թե արաբական, այլ հնդկական: Հնդիկները խոստովանում էին, որ այդ և մյուս թվանշանները, ինչպես և իրենց վաղնջական գիտությունը, մշակույթը արիացիները կամ արիներն էին բերել դրսից:

 

Գուցե պատահականություն է, բայց կա ևս մեկ ուշագրավ համապատասխանություն: Իմ խորին համոզմամբ` լեռան վաղնջական անունը «Մասիս» է, «Արարատ»-ն ավելի ուշ է ստեղծվել ու ներգրավվել մեր լեզվում: Ընդ որում, ի տարբերություն առաջինի, որն Աստծո ստեղծած, աստվածային լեզվի բառերից է, այն Քրիստոսից առաջ ստեղծվել է մեր նախնիների կամ նրանցից մեկի կողմից, ում հայտնի էին մեր աստվածային այբուբենի տառերի թվային արժեքները: Ընդգծեմ, որ հայոց այբուբենը` տառերի նույն քանակով (36) և տառերի ճիշտ նույն դասավորությամբ, հերթականությամբ, հետևաբար և թվային արժեքներով եղել է սուրբ Մեսրոպ Մաշտոցից առաջ, Մաշտոցն աստվածային տեսիլով ստացել է մեր ազգին ավելի վաղ Աստծո տված, ինչ-որ համաղետի պատճառով կորսված այբուբենը`ն տառերի հերթականության ճշգրիտ կարգով ու տառանուններով:
Հիմա նույն սկզբունքով իրար գումարենք և, ըստ մաշտոցյան այբուբենի տառերի թվային արժեքների, ստանանք «Արարատ» բառի տառերի թվային արժեքների վերջնարդյունքը. Ա (1)+ ր (5000)+ ա (1)+ ր (5000)+ ա (1)+ տ (4000)= 1+5000+1+5000+1+4000=14003. 1+4+0+0+3=8: Արարատի բարձրության թվերի ներքնագումարմամբ ստացված վերջնարդյունքի հետ ճշգրիտ համապատասխանությունն ակնհայտ է:
Անշուշտ, կարող է հարց առաջանալ` ինչո՞ւ հայոց լեզվով, ինչո՞ւ է հաշվարկը կատարված հայոց այբուբենի տառերի թվային արժեքներով: Պատասխանեմ շատ հակիրճ` որովհետև հայերենն Աստծո լեզուն է կամ մեր վաղնջական նախնիների համար Աստծո ստեղծած լեզուն: Այն աստվածային լեզու է, և ասվածի բոլոր հիմնավորումներն ունեմ: Այժմ ընդամենը հիշեցնեմ անգլիացի մեծ բանաստեղծ Ջորջ Բայրոնի խոսքը` «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»:

 

Ինձ միշտ թվում է, որ պատշգամբիս դիմաց գտնվող Արարատը մշտապես զննում ու հսկում է մեզ, նաև պարտավորեցնում, որ անպայման կատարենք մեզ` հայ ազգին ի վերուստ տրված ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ:

 

Արթուր Հովհաննիսյան