Պենտագոնը հուլիսի 1-ին ծրագրում է հայտարարել ԱՄՆ զինված ուժերում տրանսգենդերների ծառայության արգելքը վերացնելու մասին։ Այս մասին հայտնում է USA Today-ը՝ հղում անելով ՊՆ աղբյուրներին։

 

Պարբերականի տվյալներով, համապատասխան փաստաթուղթը կստորագրվի չորեքշաբթի՝ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Բոբ Ուորքի կողմից։ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի վերջնական ստորագրությունից հետո՝ հուլիսի 1-ին կհաջորդի պաշտոնական հայտարարությունը։

 

Ենթադրվում է, որ նորամուծությունը կվերաբերի զինվորական ծառայության բոլոր ոլորտներին։ Նոր քաղաքականության անցումը կիրականացվի տարվա ընթացքում։ Փոփոխությունները կվերաբերեն տրանսգենդերների համազգեստին և տեղակայմանը։

 

Անցյալ տարի Էշթոն Քարթերը հանձնարարել էր կազմակերպել հատուկ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի տրանսգենդերներին բանակային ծառայություն ընդունելու հնարավորությունները։ Նրա խոսքով՝ բանակում տրանսգենդերների հանդեպ գործող կանոններն արդեն հնացել են։