Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտեց առաջին քրիստոնյա երկիր իր ուխտագնացությունը: Եռօրյա այցն ամփոփվեց «Զվարթնոց» օդանավակայանում, ուր նրան ճանապարհելու էին եկել ՀՀ Նախագահը, առաջին տիկինը, Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների այլ ներկայացուցիչներ: Տեղի ունեցավ պատվիրակությունների հետ հրաժեշտի արարողություն:

 

ՀՀ Նախագահը ձեռքսեղմումով հրաժեշտ տվեց Հռոմի պապին Հայաստանում ուղեկցած պատվիրակության անդամներին: Ֆրանցիսկոս պապն, իր հերթին, ցտեսություն ասաց հայաստանյան պատվիրակությանը, որի կազմում էին նախարարներ, հոգևոր այրեր, այլ պաշտոնյաներ: ՀՀ պատվոպահակախմբի ղեկավարը Հռոմի պապին զեկուցեց, որ պահակախումբը շարված է, հնչեցին ՀՀ և Վատիկանի օրհներգները: Կարմիր գորգի վրայով Պապն անցավ մինչ ինքնաթիռը եղած ճանապարհը, ջերմորեն հրաժեշտ տվեց ՀՀ Նախագահին, բարձրացավ ինքնաթիռ' վերջին անգամ հայոց հողի վրա օրհնելով հավաքվածներին: