Ինչու Սերժ Սարգսյանը «չխփեց» այնքան, ինչքան ուզում էր: Կամ միգուցե «խփեց» իր ուզածի չափով, բայց ինչու՞ այդքան քիչ ուզեց: Որ իրեն Ալիեւի, իսկ Հայաստանն էլ Ադրբեջանի հե՞տ չհամեմատեն: Թե՞ պարզապես Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը անսպասելի բարձր ստացվեց, ու Սերժ Սարգսյանին այլ բան չէր մնում, քան «զսպել ախորժակը»: Կամ գուցե միջազգային հանրությունն էր բավական հաստատակամ մրցակցային ընտրություն անցկացնելու իր պահանջի մեջ: Իսկ գուցե Սերժ Սարգսյանի խնդիրը ոչ այնքան սեփական ձայների ռեկորդային թվերն էին, որքան Րաֆֆի Հովհաննիսյանի համար ընդդիմության «ռեկորդ» սահմանելը:
Իսկ գուցե Սերժ Սարգսյանը պարտքի՞ց էր խուսափում, որովհետեւ ինչքան բարձր լիներ նրա տոկոսը, այդքան բարձր էր լինելու պարտքն այդ տոկոսներն ապահովողների հանդեպ: Իսկ բարձր տոկոսներ նրա համար պետք է ապահովեր քրեաօլիգարխիկ համակարգը: Ընդ որում, այդ համակարգը թերեւս ամեն ինչ արեց, որպեսզի Սերժ Սարգսյանը հնարավորինս կախված լինի հենց իր ապահոված տոկոսներից, որովհետեւ դժվար է հիշել Հայաստանի որեւէ գործող նախագահի առավել անհաջող քարոզարշավ՝ հագեցած տարաբնույթ բացթողումներով, «կիքսերով», զավեշտալի անմիջականությամբ:
Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ թիմը, ինչպես աստղերը, ոչ թե պարտադրում էր, այլ նախանշում, իսկ Սերժ Սարգսյանը միանգամայն կամավոր գնում էր այդ ճանապարհով, ի ցույց դնելով դրանով անցնելու իր ամբողջ պոտենցիալը:
Նախագահի ընտրության ընթացքը ցույց տվեց, որ թիմն ու Սերժ Սարգսյանը բավական «արդյունավետ» էին անցել այդ ճանապարհը:
Հպարտություն եւ երջանկություն հայտնելով նախագահի ընտրության պաշտոնական արդյունքի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն էր հայտնում իր թիմին: Թիմը նրա թիկունքին էր, ու լսում էր, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հայտարարում, որ այդ թիմի համար անլուծելի խնդիր չկա:
Սերժ Սարգսյանի համար գուցե իրավացի է: Այդ թիմը, որ նրա թիկունքին կանգնած ժպտում էր, ունակ է լուծել ցանկացած խնդիր: Իհարկե հարց է, թե ինչ մեթոդներով, ինչ գնով: Բայց, գլխավորն այն է, որ ցանկացած խնդիր լուծելու ունակ այդ թիմն ինքնին հենց խնդիր է, ու գլխավոր խնդիրը: Այսինքն, այդ թիմն ինքը լուծում է պահանջում:
Այն ձեւավորվել է քայլ առ քայլ՝ մի մասը մնացել է Լեւոն Տեր-Պետրոսյանից, մի զգալի մասը Ռոբերտ Քոչարյանից: Սերժ Սարգսյանին սակայն թիմը բաժին ընկավ պատմականորեն անհարմար ժամանակահատվածում: Նա հոգեբանորեն, արժեհամակարգի, մտածողության առումով թիմի հետ որեւէ խնդիր չունի: Ժամանակը, տարածությունը, դրանում տեղի ունեցող արտաքին գործընթացներն են խնդիրը, որոնք պարտադրում են կամ թիմը ենթարկել որակական տրանսֆորմացիայի, կամ փոխել այն ընդհանրապես:
Հայաստանի դերը տարածաշրջանում էապես մեծանում է, պետությունը վերածվում է գերտերությունների չափազանց լուրջ մրցակցության հարթակի, որտեղ եթե անգամ նրանք առաջ շարժվեն կոմպրոմիսներով, միեւնույն է, գերտերությունների կոպմրոմիսներին էլ դիմանալու ուժ է պետք:
Իսկ դրա համար Հայաստանին պետք է քաղաքական մտածողությամբ, մարդասիրական արժեհամակարգով վերնախավ, որը պետության ռեսուրսները մսխելու նորանոր ճանապարհներ որոնելու փոխարեն կփնտրի այդ ռեսուրսներն օպտիմալ եւ արդարացի բաշխելու տարբերակներ:
Պետությունն այլեւս ռեսուրս չունի նրանց սնելու, եւ Սարգսյանն ու թիմը այլեւս ոչ թե պետության, այլ միմյանց հաշվին պետք է սնվեն:
Իսկ դա նշանակում է, որ ինչքան էլ թիմն ու նրա դավանած արժեքները Սերժ Սարգսյանին հոգեհարազատ են կամ չեն առաջացնում հոգեբանական լուրջ դիսկոմֆորտ, միեւնույն է հոգեհարազատ թիմը կդառնա իսկապես ծանր բեռ, Սարգսյանին իր հետ քաշելով դեպի հատակը եւ նրան կանգնեցնելով արդեն ժամանակին ու տարածությանը հրաժեշտ տալու՝ առաջին ժամկետի համեմատ շատ ավելի իրական հեռանկարի առաջ: