«Քաղաքական աշունը այս վարչախմբի գործունեության շրջանում միշտ խորհրդավոր է եղել, թեկուզ այն պատճառով, որ աշնան ամենաթեժ շրջանում մարդիկ հիշում են Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը»:
Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Եթե հաշվի առնենք, որ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին մամուլում հրապարակվեցին բոլոր նյութերը՝ տուժածների ցուցմունքները, իսկ այս սարսափելի հանցագործության մասով քննությունն այդպես էլ արդյունք չտվեց, դա իր դրոշն է դնելու այս աշնան և աշնան զարգացումների վրա, այդ առումով տեղի է ունենալու ակտիվացում:
Այս վարչախմբի օրոք Հոկտեմբերի 27-ը մնում է այժմեական, չմարող թեմա:
Միաժամանակ կան այլ սարսափելի գործեր, օրինակ կապված Լիսկայի հետ' Սուրեն Խաչատրյան կոչվածի, ով առ այսօր մնում է ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը և իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե ով է արժանի պատգամավորության թեկնածու այն ընտրատարածքում, որում ընտրված էր Սյունիքի ներկայիս մարզպետը:
Այն խայտառակ պատմությունը, որ Արտակ Բուդաղյանը տուժող է, տուժող հրաժարվում են ճանաչել և ներգրավվում են որպես կասկածյալ, չնայած եղբորը սպանել են, ինքն էլ ծանր վիրավորվել է, փոխանակ Լիսկային ճանաչեն մեղադրյալ, ճանաչում են գործող սպային, ում եղբորը դաժանաբար սպանել են, իսկ իրեն վիրավորել:
Սա ինչ է, եթե ոչ շատ լուրջ ֆոն, որ միանում է Հոկտեմբերի 27-ի տարելիցի ժամանակաշրջանին և գալիս է ապացուցելու սպանությունների շարքը, որը, ցավոք սրտի, բնորոշում է այս երկու տասնամյակների բնութագիրը, և տեսնում ենք, թե ինչպես է դատաիրավական համակարգը պաշտպանում հանցագործներին»:
Հարցին, թե արդյոք նոր համագործակցություններ հնարավո՞ր են, թե՞ ոչ, քաղաքագետը պատասխանեց.
«Հիմա, երբ երկրի վիճակը գնալով բարդանում է, իհարկե նրանք, ովքեր չէին ներկայանում ընդդիմադիրի տեսքով, հետզհետե ավելի ու ավելի կուժեղացնեն իրենց վարքագծում ընդդիմադիր երանգները, դա միանգամայն սպասելի է, էլ չեմ ասում, որ իշխող ուժի ներսում ճեղքեր կգոյանան կամ եղած ճեղքերն ավելի կխորանան, այնտեղ կան լուրջ քվորումներ:
Չեմ բացառում նաև իշխող ուժի երկպառակության հնարավորությունը, որովհետև միշտ, երբ սոցիալական հատակում պարզ երևում է, որ ներքևները չեն ցանկանում ապրել այնպես, ինչպես ապրում են, այդ քվորումները զուգակցվում են նաև վերևների ճգնաժամով, և պարզվում է, որ վերևներն էլ այլևս չեն կարող ղեկավարել այնպես, ինչպես դա անում էին, ճգնաժամը զուգորդվում է նաև քաղաքական վերնախավի ճգնաժամով, ինչը հնարավոր է իշխանության ներսում լուրջ տարանջատումների բերի»:
Քաղաքագետը խոսեց ԱԺ նախագահի և վարչապետի հարաբերությունների մասին՝ այն որակելով որպես հակամարտություն.
«Հակամարտություն միանշանակ կա. այն, ինչ կապված է այս տասնամյակների ընթացքում ինտրիգների մեջ մեծ հմտություն ձեռք բերած Հովիկ Աբրահամյանին, ապա իհարկե աշունը իր վերջին շանսն է, որովհետև պարզից էլ պարզ է, որ ձգտելու է այդ շանսը օգտագործել, ինքը գիտի, որ հեռանկարները չափազանց մշուշոտ են, իշխանությունից դուրս մղման բոլոր նախադրյալներն առկա են:
Այն, որ Սերժ Սարգսյանն իրեն տարել է հանգստի, պայմանավորված չէ նրանով, որ Սերժ Սարգսյանի համար ավելի հաճելի էր հանգստանալ Հովիկ Աբրահամյանի, այլ ոչ թե սեփական տիկնոջ հետ, պարզապես նրան վտանգավոր էր թողնել երկրում մի իրավիճակում, երբ ստեղծվել է ներիշխանական ֆրոնտ, որն իր մեջ ընդգրկում է նաև երբեմնի արմատական ընդդիմությանը, որը խորհրդարանում դարձավ Հովիկ Աբրահամյանի հոգատար վերաբերմունքի առարկա. նա շատ ակտիվ աշխատում է նաև ընդդիմության հետ, որը դարձավ համակարգային ընդդիմություն և Հովիկ Աբրահամյանի պոտենցիալ հենարաններից մեկը:
Բոլոր երգերը երգել ենք, մնում է Աբրահամյանի նման ընդդիմության առաջնորդ ունենանք»:
Սեդա Ղուկասյան