Lragir.am. Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը մեկնել են արձակուրդ: Ընդ որում, ինչպես yerkir.am-ն է հայտնում, նրանք մեկնել են միասին՝ օդանավակայանում միասին նստելով նույն օդանավը: Այդ տեղեկատվությունից հետո շատերն են արձանագրում, որ այդ ամենը վկայում է Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի միջեւ որեւէ հակասության բացակայությունը: Ինչ հակասություն, եթե մարդիկ իրար հետ մեկնում են արձակուրդը վայելելու:
Մյուս կողմից, Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ արձակուրդն անկասկած հետաքրքրական կարող է լինել մեկ այլ տեսանկյունից: Կառավարությունից դուրս գալուց հետո Հովիկ Աբրահամյանի դիրքերն իշխանության համակարգում անշեղորեն թուլանում են: Նրա մոտ չստացվեց նաեւ Ազգային Ժողովի միջոցով սեփական դերի բարձրացումը: Ինչպես հայկական մամուլն է տարբեր առիթներով գրել, Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ ներգրավված է եղել նաեւ ներիշխանական «դավադրությունների» անհաջող փորձերում: Վերջերս, Վերահսկիչ պալատի հաշվետվության հետ կապված հայտնի քննարկումներում Սերժ Սարգսյանը գրեթե ուղիղ տեքստով դժգոհություն հայտնեց Հովիկ Աբրահամյանից, հայտարարելով, որ «մեծամասնության հետ հետո կխոսի»:
Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը որոշել է Հովիկ Աբրահամյանին երկար ժամանակով այլեւս չթողնել մենակ, առավել եւս, որ Վերահսկիչ կրքերը բորբոքվեցին հենց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն էլի արձակուրդում էր:
Այժմ Սարգսյանը երեւի որոշել է Հովիկ Աբրահամյանին չվստահել եւ պահել անմիջական վերահսկողության տակ, նրան իր հետ տանելով արձակուրդ եւ ապահովագրել ինքզինքը, առավել եւս, որ այս անգամ էլ Երեւանում կարծես թե ուղեվարձի կրքերն են բորբոքվում:
Ընդ որում, ԱԺ նախագահի հետ արձակուրդ մեկնելը պետք է որ նպաստավոր լինի նաեւ հենց Հովիկ Աբրահամյանի համար: Սարգսյանն ինքզինքը ապահովագրելով քաղաքական տեսանկյունից, մարդասիրական տեսանկյունից էլ Հովիկ Աբրահամյանին է ապահովագրում հետագա տհաճություններից՝ նրան փաստորեն ազատելով եւս մի «դավադրության» գայթակղությունից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ