Lragir.am - Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի պահվածքը բավական փակ է: Նա արձակուրդ գնաց, սակայն պաշտոնապես այդպես էլ «չմանրամասնվեց» այդ հանգամանքը, թեեւ դա ընդունված պրակտիկա է: Հայտնի էր միայն, որ Սերժ Սարգսյանն իր հետ տարել էր նաեւ Հովիկ Աբրահամյանին: Վերջինիս Սերժ Սարգսյանը մի քանի անգամ «բռնացրել էր» ներքին «դավադրությունների» մեջ, եւ չէր կարող նրան թողնել Երեւանում, որպես պետության ժամանակավոր ղեկավար:
Արձակուրդից վերադառնալուց հետո, Սերժ Սարգսյանը փակ խորհրդակցություն անցկացրեց Կրթության եւ գիտության նախարարությունում, եւ մտադիր է նման խորհրդակցություններ անցկացնել այլ գերատեսչություններում եւս:
Ի դեպ, տեղեկություն չկա, թե արդյոք Հովիկ Աբրահամյանն էլ է վերադարձել, թե Սերժ Սարգսյանի արձակուրդից հետո անցկացնում է իր արձակուրդը:
ԿԳՆ-ից Սերժ Սարգսյանը մեկնեց Խորվաթիա, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մասնավոր այցով: Այսինքն, կրկին փակ այցելություն:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի փակ գործելակերպը կշարունակվի առնվազն մինչեւ նոյեմբերի վերջ, երբ նախատեսվում է Եվրամիության հետ Ասոցացման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրումը: Իշխանությունը չի հրապարակում այդ համաձայնագրի տեքստը, թեեւ Եվրոպան դեմ չէ դրան: Բացի այդ, իշխանությունը որեւէ հստակ բան չի հայտարարում այդ կապացությամբ, չի բացում որեւէ մանրամասներ: Չի խոսում, օրինակ Ղարաբաղի ճակատագրի մասին, թե ինչ է լինելու նախաստորագրելու դեպքում:
Այս ամառը թեժ ստացվեց, թեեւ ըստ ավանդույթի քաղաքական ուժերը գնացել էին հանգստի: Երեւանը եռում է, ոտքի են կանգնել հանրության տարբեր շերտեր, հանուն իրենց իրավունքների: Եթե մինչ այս կուսակցություններին հաջողվում էր մեռցնել հանրային բողոքները, ապա ներկայում հանրությունն է «մեռցրել» կուսակցություններին, իր ճակատագիրը փորձելով վերցնել իր ձեռքը: Բողոքում են ազատամարտիկները, ուսանողները:
Իշխանության որոշումները երբեմն տպավորություն են թողնում, թե ամեն ինչ արվում է ներքին իրավիճակը լարելու համար:
Մյուս կողմից, պակաս լարված չէ իրավիճակն արտաքին ոլորտում, հատկապես Ռուսաստանի ճնշումների հարցում: Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերության հարցը նույնպես մնում է բավական փակ, պաշտոնապես չի հայտարարվել նաեւ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա, թեեւ այդ մասին արդեն «արտահոսք» եղել է: Իսկ մինչ այդ, ռուսական կողմը խոսում է Ղարաբաղը Հայաստանից վերցնելու, Հայաստանում հեղաշրջման հավանականության եւ այլնի մասին:
Այս ներքին ու արտաքին լարված իրավիճակում, թերեւս, միակ ելքը մնացել է փակությունը: Մեկ էլ, Հովիկ Աբրահամյանին «կորցնելը», որ հանկարծ չհամակարգի ներքին ու արտաքին «դավադրությունները»:

Հայկ Արամյան