ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ, որում մասնավորապես նշված է. 

 

«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ։

 

Հայոց անկախ պետականությունը ձեռք է բերվել Երկրապահի շնորհիվ, երկրապահ հայ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքում, իսկ այս պայքարում հրաշալի հայորդիների արյուն է հեղվել, ողջ ազգի տքնանքն է դրված եղել այս պայքարի հիմքում։ Ուստի Երկրապահի համար թանկ է պետականության ամեն մի խորհրդանիշ, կոնկրետ դեպքում՝ Սահմանադրությունը:

 

Այս գեղեցիկ առիթով ես շնորհավորում եմ Սահմանադրության երաշխավոր ՀՀ նախագահին, մեր բոլոր պետական այրերին, շնորհավորում եմ Սահմանադրական դատարանի բոլոր անդամներին ու հատկապես այդ ատյանի ղեկավար, իմ լավ բարեկամ Գագիկ Հարությունյանին, ով պետականամետ մտածողությամբ ազգային գործիչ է: 1995-ի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունն արդեն երկու անգամ բարեփոխվել է: Դա բնական է: Դա անընդհատ, շարունակական պրոցես է, բայց կարեւոր է, որ գործող Սահմանադրությունը ելքեր կարողանում է առաջարկել բոլոր իրավիճակներում, կարեւոր է, որ սահմանադրորեն ամրագրված են բոլոր կարեւորագույն սկզբունքները:

 

Սահմանադրության օրը, հիրավի տոնական է, իսկ օրվա խորհուրդը պետականությանը նվիրված լինելն է, միասնական լինելն է, պարտաճանաչ քաղաքացի լինելն է, ինչու չէ՝ նաեւ քաղաքացիական իրավունքներին եւ ազատություններին տեր լինելն է»: