Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակված Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի պատճառով բարձրացել են դեպի Ռուսաստան ավիատոմսերի գները:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցն այսօր մի քանի տուրիստական ընկերությունից փորձեց ճշտել, թե, օրինակ, դեպի Մոսկվա ինչ արժեք ունեն ավիատոմսերը:
Պարզեցինք, որ, մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում էկոնոմ դասի տոմսերն արդեն իսկ սպառվել են, մնացել են միայն բիզնես դասի տոմսերն ու իրենց աստղաբաշխական գները:
Տուրիստական ընկերության աշխատակցին խնդրեցինք մեզ համար տոմս փնտրել` մի քիչ մատչելի գնով: Այսպես, եթե Լարսի անցակետի փակվելուց առաջ նույն աշխատակիցը 62.000 դրամով կարողացել է տոմս վաճառել Մոսկվայից դեպի Երևան, ապա հիմա կրկնապատկվել են գները:
Հուլիսի 9-ին Մոսկվայից մեր քաղաքացիները կարող են վերադառնալ 165.000 դրամով, բայց առանց ուղեբեռի, իսկ եթե ուղեբեռով, ապա կվճարեն ավելի շատ` 227.000 դրամ:
Հուլիսի 10-ին տոմս կգնեք 145.000 դրամով, հուլիսի 11-ին` 115.000 դրամով:
Բիզնես դասի մեկ տոմս ևս գտանք 285.000 դրամով և ավելի բարձր:
Նկատենք, որ այս գները ամենահարմար տարբերակներն են, քանի որ խնդրել էինք հնարավորինս ցածր գնով տոմսեր առաջարկել:
Նշենք, որ մեկ այլ տուրիստական ընկերություններից մեզ բացատրեցին, որ ոչ թե տոմսերի գներն են բարձրացել, այլ տոմսերն են շուտ սպառվում, պահանջարկը մեծ է, առաջարկը` քիչ, արդյունքում՝ միայն մնում են բիզնես դասի տոմսերը, որոնք, բնականաբար, թանկ են:
Այս հարցը դեռ մի քանի օր առաջ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է բարձրացրել: Պատգամավորը վարկած էր առաջ քաշել, որ բոլոր ընկերությունները պայմանավորվել են գների միաժամանակյա բարձրացման վերաբերյալ, քանի որ այս ժամանակահատվածում վառելիքի էական թանկացում կամ այլ օբյեկտիվ պատճառներ չկան, որոնք կարող են ազդել ավիատոմսերի գների աճի վրա: