Մարդիկ հանգստանալու իրավունք ունեն անկախ զբաղմունքից և սոցիալական կարգավիճակից: Չգիտես ինչու` մեր պաշտոնյաները, պատգամավորները նեղվում են, երբ լրագրողները նրանց հարցեր են ուղղում արձակուրդի, դրա անցկացման վայրի մասին:
Ավելի շուտ, ոչ թե նեղվում են, այլ էլիտար կոչվածի մոտ առաջանում է անկեղծության դեֆիցիտ:Ինչպես բացատրեն, որ իրենց համեստ ծայրը ծայրին հասցվող աշխատավարձովպատրաստվում են ընտանյոք հանդերձ հանգստանալ աշխարհի ամենագողտրիկ և թանկարժեք վայրերում: Ամառային արձակուրդն ու հանգիստը չեն ուզում հարամել, որովհետև տարվա աշխատանքային ամիսներին նույն լրագրողների մոտ երդվել են, որ ոչ մի բիզնես, կողմնակի եկամուտներ չունեն: Պատգամավորների մեծ մասը, վկայակոչելով զբաղվածությունը, ասել է, թե արձակուրդ չի մեկնելու: Հետո բողոքում ենք մեր ազգընտիրներից:
Նրանք նույնսկ ամառվա շոգի վրա թքած ունեն ու տարին բոլոր տառապում են ազգի դարդուցավով: Չնայած եթե շարքային քաղաքացիներին հարցնենք, նրանք այդ պաշտոնյաներին, պատգամավորներին ոչ թե 30 այլ 365 օրով արձակուրդ կուղարկեին, նման որակի իշխանությունները, ավելի լավ է չաշխատեն, գոնե պետության և ժողովրդի համար վնասը քիչ կլինի:
Ապրիլյան պատերազմից հետո մի վտանգավոր միտում է նկատվում: Պաշտոնյաների կողմից շահարկվում է պատերազմը, Արցախը: Քառօրյա պատերազմի օրերին, պաշտոնյաներ, պատգամավորներ, ովքեր կիլոմետրերով հեռու են զենքից և քարտեզի վրա չգիտեն Ղարաբաղի տեղը, մեկ էլ հայրենասեր դարձած, հայրենասիրական զենքով-զրահով, ֆոտոշարքեր են տեղադրում սոցցանցերի իրենց էջերում: Հիմա այդ նույն մարդիկ ասում են, թե ամառային հանգիստն անցկացնելու են Արցախում, քչերն իհարկե կգնան Արցախ` իրապես նպաստելու Լեռնային Ղարաբաղի հանրապետության տուրիզմի զարգացմանը` ծախսեր անելով այնտեղ, որտեղ իսկապես կա փողի անհրաժեշտություն:Շատերի համար Արցախը միայն նկարվելու, PR-ի, քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու միջոց է:
Առջևում խորհրդարանական ընտրություններն են, և մեր «մեծապատիվ մուրացկանների» երևակայությունն այլ բան չի հուշում:
Սարգիս Հակոբյան