Միայն պաշտոնական թվերով՝ մեր հասարակության մեկ երրորդը տառապում է աղքատության ճիրաններում։ Իրականության մեջ՝ այս թիվն անհամեմատ մեծ է։ Ուղղակի մեր հայրենակիցներից շատերն, ովքեր կարիքի մեջ են, արժանապատվորեն թաքցնում են այդ փաստը՝ դառնորեն ընդունելով պետության չգոյության փաստը։
Պետություն իրականում կա, սակայն այն՝ ի հեճուկս սահմանադրության, պատկանում է ոչ թե քաղաքացիներին, այլ «արտոնյալների» փոքր խմբի, որին պատկանում է եկամտաբեր պաշտոններ, բարձր աշխատավարձ, նաեւ՝ հարկատուների հաշվին ապրելու, թրեւ գալու «բացառիկ» իրավունք։
Մեր խորհրդարանը կիլոմետրերով հեռու է հասարակության սոցիալական պատկերից։ Այնտեղ հավաքված են դոլարային ու դրամային միլիոնատերեր, բիզնես ունեցող ու խլած, «ունեւոր ազգականներ» ունեցող մարդիկ։ Սակայն՝ այս մարդկանցից շատերը զուրկ են տարրական արժանապատվությունից։ Երբ քննարկվում է ժողովրդի նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հարցը, սրանք՝ «պետականամետի» սնամեջությամբ, պատճառաբանում են, թե պետությունը քյասիբ է, փող չունի։ Պետությունը քյասիբ է, երբ հարցը վերաբերում է հացի կարոտ մարդկանց, աշխատող ու չաշխատող աղքատներին, բայց դառնում է «առատաձեռն»՝ մարզերից ընտրված պատգամավորների համար Երեւանում տուն վարձելու պարագայում։ Պատկերացնո՞ւմ եք՝ տաս պատգամավոր ոչ միայն մեր հաշվին բարձր աշխատավարձ են ստանում, այլ նաեւ՝ ամսեկան հարյուր հազար դրամ՝ Երեւանում տուն վարձելու համար։ Եթե այսպես շարունակվի, շուտով հարկատուներն են վճարելու՝ նաեւ մեր պաշտոնյաների զոքանչների ծննդյան նվերների գումարները։
Այսօրվա մամուլը բացահայտել է «մեծապատիվ մուրացկաններից» երկուսին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանին: Երկուսն էլ՝ ունեւոր մարդիկ են։
Կասկած չունեմ, որ հարուստ են ժողովրդից ամսեկան հարյուր հազար «քերող» մյուս ութ պատգամավորներն եւս։ Սակայն ժողովուրդը՝ մանավանդ խորհրդարանական ընտրություններից առաջ, պետք է ճանաչի իր «մեծապատիվ մուրացկաներին»։
Սարգիս Հակոբյան