ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ ակտիվացնելու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասված է երկու ղեկավարների բանակցությունների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

 

«Նախագահ Օբաման պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ Մինսկի խմբի համանախագահների հետ ակտիվացնելու ջանքերը՝ Լեռնային Ղարաբարի հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու նպատակով»,- ասված Էէ հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Պուտինը հեռախոսով Օբամային՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախանգահ երկրի ղեկավարի իրազեկել էր հունիսի 20-ին Սակտ Պետերբուրգում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հետ կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Երկու պետությունների ղեկավարների միջեւ զրույցը կայացել է ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ:

 

«Պուտինն ընդգծել է, որ բանակցություններ կազմակերպելիս Ռուսաստանը հիմք է ընդունել հակամարտության գոտում իրադրության շուտափույթ կայունացմանն աջակցելու եւ հաշտության գործընթացի առաջշարժման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

«Բարաք Օբաման բարձր գնահատական է տվել Ռուսաստանի ձեռնարկած ջանքերին: Համաձայնություն է ձեռք բերվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում շարունակելու համատեղ ակտիվ աշխատանքն այդ կարեւոր ուղղությամբ»,- ՏԱՍՍ-ին հաղորդել են Կրեմլում: