Ճարտարապետները կոչ են անում ստեղծել մասնագիտական հանձնաժողով՝ Հանրային խորհրդի, Ճարտարապետների միության, Քաղաքաշինության նախարարության և այլ մարմինների հետ համատեղ' գնահատելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի վիճակը և նրա օգտագործման հնարավորությունները: Հուլիսի 11-ին հրավիրված ասուլիսում «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հեղինակ Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանը նշեց, որ պետք է դադարեցնել շենքի ապամոնտաժումը, քանի որ կարող են լինել շենքի օգտագործման այլ հնարավորություններ:

 

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանն իր հերթին նշեց, որ այդ շենքը համարվում է Խորհրդային Միության պոստմոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը և չի կարելի այդպես անտարբեր վերաբերվել այդ հարցին:
«Այդ շենքը ունի սեյսմիկ խոցելիություն, բայց չի նշանակում, որ պետք է պարզապես վերցնել և քանդել այն: Այդ շենքը մեծ արժեք է ներկայացնում: Պետք է գտնել այնպիսի լուծում, որպեսզի բավարարի բոլոր կողմերին, սակայն չենք տեսնում որևէ արձագանք»,- նշեց Պողոսյանը:
Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը նշեց, որ մի քանի անգամ այլընտրանքային նախագծեր են ներկայացրել, սակայն արձագանք չեն ստացել:
«Մենք մի քանի անգամ առաջարկել ենք նախագծեր, որտեղ ներկայացված էին մի քանի տարբերակներ շենքի վերակառուցման և գործարկման վերաբերյալ, որտեղ ավելի քիչ ներդրում է անհրաժեշտ»,- ասաց Ազիզյանը:
Երևանի քաղաքապետարանը 2015-ի դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին' «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։