Երբ սկսվեց արցախյան շարժումը, Աֆղանստանում ծառայած որդիս ասաց. «Դարավոր թշնամի ունենք, բայց զինվոր չունենք», որդիս իր խոստման տերը եղավ, իրավաբանական կրթությունը թողեց, որոշեց գնալ պատերազմ, որդիս իր արյան գնով իր պապերի ոխը հանեց։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Ստեփանյանի՝ Դուշմանի մայրը՝ Զարուհի Շամյանը։
«Որդուս շնորհակալություն եմ հայտնում, որ 1988-ին ասաց. «Քո մահն անգամ ինձ հետ չի պահի»»,- ասաց Զարիկ մայրիկը՝ մեջբերելով հերոսի խոսքերից մեկը. «Կա մի ժողովուրդ, կա հայոց հող, և յուրաքանչյուր ծնող պետք է իր որդուն այդ ոգով մեծացնի»։
Հերոսի մայրը հպարտության խոսքեր ասաց այսօրվա երիտասարդների մասին։ «Զոհեր տվեցինք, բայց բանակ ստեղծեցինք, անկախ հանրապետություն ունենք, հիանալի գիտակից երիտասարդություն ունենք»,- ասաց նա և հպարտությամբ նշեց, որ ի պատիվ հերոսի՝ Դուշմանի, նրա ընկերների երեխաներից 15-ի անունը Վարդան է։
Տիկին Զարիկը պատմեց նաև, թե ինչպես է իր ձեռքով փամփուշտ շարել որդու համար և ուղարկել պատերազմ, ինչի համար երբեք չի զղջում։ Վերջինիս խոսքով՝ մենք հաղթել ենք ու կհաղթենք, և պետք է ապացուցենք բոլորին, որ մենք զավթողական պատերազմ չենք մղել, այլ ազատագրական պայքար ենք մղել։
Հերոսի մայրը մտահոգություն հայտնեց այն մասին, որ այսօր մարդիկ լքում են երկիրը և նշեց, որ փառք ու պատիվը հայրենիքի համար զոհվելն է։ «Մենք փառքով ու պատվով ենք ապրում մայր հողի վրա, և մայր հողը սնում է մեր ժողովրդին»,- ասաց նա։
Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ տիկին Զարիկն իր կարծիքը հայտնեց՝ նշելով, որ քաղաքագետները դարեր շարունակ ճառել ու ճառում են և ավելի շատ վնասում են, քան օգուտ են բերում։ Չկա Ղարաբաղ և Հայաստան հասկացություն, կա հայ ժողովուրդ, և Արցախի հարցի լուծումը մեր ժողովրդի համախմբումն է։