Հուլիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

 

 

Արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգի տեխնիկական հնարավորությունները ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը։

 

 

«Տեղեկատվական այս բազաների ստեղծումը միտված է օգնելու քննիչներին՝ բարձրացնել քննության որակը, հնարավորինս արագ ստանալ քննության համար անհրաժեշտ տեղեկությունը, ինչն իր հերթին կնպաստի նախաքննության ժամկետների կրճատմանը,- ասաց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ ավելացնելով,- Ապրել տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում և չօգտվել տեխնիկական այդ միջոցներից՝ նշանակում է ճահճանալ»։

 

 

Մշակվող շտեմարանները հնարավորություն կտան՝ համապարփակ տեղեկություն ստանալ վարույթներով ներգրավված անձանց վերաբերյալ։

 

 

Նախապատմությունը և առկա խնդիրները

 

 

Մինչև ՀՀ քննչական կոմիտեի ձևավորումը՝ ավանդական արխիվացման համակարգի գործողության պայմաններում, արխիվացված կարճված քրեական գործերի պահպանման ժամկետը լրանալուց հետո դրանք ոչնչացվել են: Մինչդեռ հայտնի է, որ քրեական արդարադատության համակարգում առկա են նոր երևան եկած հանգամանքներ, որոնց պայմաններում անհրաժեշտություն է առաջանում վերանայել կարճված գործերի վարույթը:

 

 

Երկրորդ՝ կարճված քրեական գործերն արխիվացնելիս որևէ էական տվյալի հաշվառում չի իրականացվել: Բացակայել է նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների, դատարան ուղարկված գործերի հաշվառման համակարգը:

 

 

Երրորդ՝ տարիների ընթացքում արխիվացված քրեական գործերի քանակն ավելանալու պայմաններում գործնականում առաջացել է նաեւ մեծածավալ քրեական գործերը պահելու հարցը:

 

 

Առկա խնդիրները լուծելուն ուղղված միջոցառումներ

 

 

ՀՀ քննչական կոմիտեի ձևավորումից հետո ձեռնարկվեցին վերը նշված խնդիրները լուծելուն ուղղված գործուն քայլեր:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվ հանձնվող կարճված քրեական գործերի վարույթների կանոնակարգված հաշվառումը վարելու համար անհրաժեշտություն առաջացավ ստեղծել էլեկտրոնային հաշվառման համակարգ՝ առկա խնդիրները վեր հանելու և լուծման արդյունավետ ուղիներ ներկայացնելու համար:

 

 

Մշակվեց և հետագայում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 11.04.2016թ. թիվ 20-Լ հրամանով հաստատվեց կարճված քրեական գործերի արխիվացման տեղեկատվական քարտը, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

 

 

1. Քրեական գործի հարուցման հոդվածը և ամսաթիվը

 

 

2. Հանցագործության մասին հաղորդում տվող անձի կամ անձանց, տուժողի, մեղադրյալի, կասկածյալի տվյալները

 

 

3. Քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայության դեպքում տվյալ անձի կամ անձանց տվյալները

 

 

4.Քրեական գործը հարուցող և քրեական գործի վարույթը կարճող մարմնի, ստորաբաժանման անվանումը

 

 

5.Կարճման հիմքը (հոդվածը և ամսաթիվը)

 

 

Այսպիսով՝ արխիվացված քրեական գործերի էլեկտրոնային հաշվառման և տեղեկատվական-որոնողական համակարգում արտացոլվում են հետևյալ տվյալները՝ հանցագործության մասին հաղորդում տվող անձի, տուժողի, մեղադրյալի, կասկածյալի, քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայության դեպքում տվյալ անձի կամ անձանց տվյալները։

 

 

Տեղեկատվական բազան հարստացնելու նպատակով այժմ իրականցվում է դատարան ուղղարկված քրեական գործերի հաշվառում, որը նույնպես ընդգրկվում է էլեկտրոնային հաշվառման համակարգում:

 

 

2016թ. հունվարից ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բոլոր ստորաբաժանումներում, ԱՄՆ դեսպանատան տեխնիկական աջակցությամբ, ներդրվեց քրեական գործերի թվայնացման համակարգ, որը կոռուպցիոն և համակարգային մի շարք խնդիրներ լուծելուց զատ հնարավորություն տվեց ստեղծել կապ' կարճված և թվայնացված քրեական գործերի և արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգի միջև: Ներկայումս արխիվացված քրեական գործերի էլեկտրոնային հաշվառման և տեղեկատվական-որոնողական համակարգում ներբեռնվում են թվայնացված և վարույթը կարճված քրեական գործերը, ինչը հնարավորություն կտա վարույթն իրականացնող մարմնին, ուսումնասիրելով թվայնացված քրեական գործը, առավել ամբողջական տեղեկություն ունենալ կոնկրետ անձի վարքաբանական և հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ և դրա հիման վրա որոշել քննության տակտիկան և մեթոդիկան։

 

 

Ընթացքի մեջ է էլեկտրոնային նախաքննության ծրագրի մշակումը, որը նախատեսվում է ավարտել 2016 թվականի աշնանը։