Անցած տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 546 քրեական գործ՝ նախորդ տարվա 239-ի դիմաց: Այս մասին հունվարի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարեց ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը:

 

Նա նշեց, որ քննված 546 քրեական գործից 54-ը փոխանցվել է նախորդ տարվանից, իսկ 492-ը վարույթ է ընդունվել հաշվետու տարում: Հաշվետու տարում վարույթ ընդունված գործերից 282-ը հարուցվել է Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, 158-ը ստացվել է քրեական հետապնդման մյուս մարմիններից, իսկ մնացածը անջատվել է այլ գործերից կամ վերսկսվել է:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, Մուշեղ Բաբայանի փոխանցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված 546 քրեական գործից ավարտվել են 235-ը կամ 43 տոկոսը:

 

«Դատի տրված 110 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 38-ը, 2 անձի նկատմամբ կիրառվել է գրավը, իսկ 70 անձի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց: Դատարան ուղարկված քրեական գործերով արդարացման դատավճիռներ չեն կայացվել»,- ՀՔԾ կատարած աշխատանքների վիճակագրությունը ներկայացրեց Մ. Բաբայանը:

 

«Նախորդ տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունից դատարան ուղարկված քրեական գործերն ըստ բնույթի եղել են. կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ' 4 քրգործ՝ 5 անձի վերաբերյալ, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված' 1 քրգործ՝ 2 անձի վերաբերյալ, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված' 1 քրգործ՝ 1 անձի վերաբերյալ»,- հավելեց ծառայության պետի տեղակալը: