2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ:

 

Մասնավորապես, «a1plus.am» լրատվական կայքում առկա «Թիվ 9/29 ընտրատեղամասում խոչընդոտել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի աշխատանքը» հրապարակման վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում Տիրայր Մուրադյանը նաև ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ. ապրիլի 2-ին' ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքը լուսաբանելիս, Կենտրոն վարչական շրջանի թիվ 9/29 ընտրատեղամասում իրեն անծանոթ կինը խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությանը' վիրավորել է իրեն և հարվածել տեսախցիկին:

 

Այսպիսով, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: