Ինչպես հայտնի է, արդեն մի քանի ամիս է' Հայաստանում հաստատվել է հատուկ ռեժիմ' խնայողական: Թե հատկապես որն էր երկրում իբր հատուկ ռեժիմ մտցնելու բուն նպատակն ու իմաստը՝ հնչող կարծիքները տարբեր են. ոմանք այս հանգամանքը պայմանավորում են բանակի համար անհրաժեշտ նյութական միջոցներ հայթայթելու, ոմանք' յուրատեսակ PR կազմակերպելու, մեկ ուրիշներն էլ' ասենք Արևմուտքի' Հայաստանի կառավարության նկատմամբ բանեցրած ճնշումների հետ' մատնացույց անելով այն, որ, եթե Հ. Աբրահամյանի կառավարությունը չգնար «կատաֆալկաներ» կրճատելու ճանապարհով, այլևս կարող էր արևմտյան դրամաշնորհների, վարկերի ու էլի նման հաճելի բաների հույս չունենալ:


Համենայնդեպս, ինչպիսի նախապատճառ էլ նախաձեռնությունն այս ունենա, ում մտահղացումն էլ լինի, ակնհայտ է այլևս, որ այն տապալվեց, վերածվեց կատարյալ խեղկատակության, երբ «խոշոր շնաձկների» վրա կենտրոնանալու փոխարեն' մարդիկ սկսեցին ժողովրդին քերել, հասարակներիցս պահումներ անել, սոցփաթեթներ կրճատել և այլն: Մինչդեռ, ինչպես հիմա կհամոզվեք, կյանքը վերնախավում եռում է, շվայտությունը' եփում, իսկ խնայողական ռեժիմի մասին շշուկներն էլ մեր հարուստներից շատերը քմծիծաղով են ունկնդրում:


Այն, որ ՀՀ Ազգային ժողովը վաղուց իրենից ներկայացնում է ոչ այնքան օրենսիր մարմին, որքան ահռելի թվով մուլտիմիլիոնատերերի մեկտեղման վայր, հանրահայտ է. ուրիշ ոչ մի տեղ չես կարող տեսնել իրար գլխի հավաքված թվով այսքան շատ գործարարների:

 

Առավել հետաքրքրական է, սակայն, այն, որ, ինչպես պարզվում է, մինչ ժողովուրդը, կքած ֆինանսական հոգսերի տակ, մի կերպ սեփական գոյությունն է քարշ տալիս' «օրվա հացին՝ կակա ասելով», մեր գործարար երեսփոխաններից Արկադի Համբարձումյանն (առավել հայտնի «Դերժավայի Արկադի» անունով), օրինակ, անհայտ ծագման միլիարդներ է նվեր ստանում, զարգացնում իր բիզնեսներն ու անկասելիորեն անհատակ ունեցվածք կուտակում:


Նրա' Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած սեփական եկամուտների և ունեցվածքի մասին բարբառող հայտարարագրից, մասնավորապես, պարզում ենք, որ գործարար պատգամավորը նախորդ տարի 106 միլիոն 200 հազար դրամով հողամաս է գնել, իսկ 6 միլիոն դրամով՝ Toyota Land Cruiser Prado 2.7 տեսակի ավտոմեքենա: Նույն տարում նա հանձնել է732.2 միլիոն դրամ և 644.9 միլիոն դրամ փոխառություններ, որոնք հարկային տարվա վերջում դարձել են համապատասխանաբար 1.6 միլիարդ և 605 միլիոն դրամ:

 

Արկադի Համբարձումյանը նախորդ տարի հայտարարագրել է 5 միլիոն 236 հազար դրամ: Պատգամավորը 2015 թվականին եկամուտ է ստացել աշխատավարձից և նվիրատվությունից: Նրա աշխատավարձը կազմել է 6.7 միլիոն դրամ, իսկ ահա նվեր է ստացել 1 միլիարդ 250 միլիոն դրամ: Այն, որ նման հայտարարագրերը երբեք էլ աչքի չեն ընկել իրենց օբյեկտիվությամբ, կարծում ենք' առանձնակի ապացույցների կարիք չունի. որպես կանոն' դրանցում տեղ գտած տվյալները կտրուկ տարբերվում են իրական պատկերից ու նպատակ ունեն հասարակությանը մոլորության մեջ գցելու: Բայց այս ողջ բառակույտում մի չափազանց ուշագրավ հատված կա. աստղաբաշխական նվերի մասին բարբառող տողն է: Տեսնես ո՞վ է այդ լայնասիրտ, առատաձեռն մարդը, որ միլիրադ է նվիրում մեկին, ով արդեն վաղուց միլիարդատեր է: Մի՞թե իմաստ ունի միլիարդատիրոջը միլիարդ նվիրելը…


Ասենք ավելի հետաքրքրիր չէ՞ր լինի, արդյոք, եթե այդ բարի մարդը սույն միլիարդը գործածեր շատ ավելի մարդասիրական նպատակներով, քան այս մեկն է, ավելի խոհեմ չէ՞ր լինի արդյոք, որ ասենք զոհված ազատամարտիկների ընտանիքների կարիքներին նվիրաբերեր այս' մոտ 30 միլիոն դոլարի հասնող գումարը, քան տար մեկին, ում մի քանի շաբաթվա եկամուտն է այդքան կազմում…


Միակ եզրակացությունը, որ մարդ կարող է անել' սույն փաստերը աչքի տակ ունենալով, այն է, որ մեր երկիրը շարունակում է մնալ անհավասար կոնտրաստների երկիր, ուր սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը հասցված է ծայրհեղ մակարդակի: Եթե Հովիկ Աբրահամյանը բուռն ցանկություն ունի այս երկիրը երկիր դարձնելու, խորհուրդ կտայինք' նախևառաջ կապեր հաստատի այն մարդկանց հետ, որոնք սիրում են առատաձեռն նվերներ անել մեր ՀՀԿ-ական օլիգարխներին. կարող է պատահի գութները շարժվի ու մի երկու «կոպեկ» էլ բյուջեին նվիրատվություն անեն, թե չէ' հո էս ժողովուրը մեջտեղից չի «ճղվելու»…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ