Ինչ ուզում եք՝ ասեք, Գյումրու քաղաքապետՍամվել Բալասանյանի ճակատին «մեղր է քսված»։ Այս մարդը ժամանակին եղել է ընդդիմադիր ՕԵԿ անդամ, բայց իշխանությունները նրա վրա դողացել են։ Հետո, երբ Բալասանյանն իշխանափոխություն պահանջող ԲՀԿ անդամ էր,իշխանության դաբրոյով Գյումրու քաղաքապետ դարձավ։ Պաշտոն ու փող սիրող այս մարդու համար ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն վաղուց անցյալ են։ Նրա համար մնայունը Գյումրու քաղաքապետի պաշտոնն է, որը պահպանելու համար Բալասանյանը գիշեր-ցերեկ դռնեդուռ է ընկել, վարչապետի ու նախագահի առաջ խոնարհվել։

 

ՀՀԿ-ն ինչպե՞ս բացատրեր, որ Գյումրու ընտրություններում իր համամասնական ցուցակը գլխավորել է«բազմակուսակցական» անկուսակցական Բալասանյանը։ Քաղաքական, նույնիսկ մարդկային բացատրություն չկա, մանավանդ գյումրեիցների մեծամասնության համար գործող քաղաքապետը մերժելի է։ Այս նեղ օրում ՀՀԿ-ին ձեռք մեկնած նույնանուն խորհրդարանական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը, ով թերևս միակն է եղել, որ համաձայն է Գյումրու ընտրություններում իր ՀՔԴՄ-ով դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ, որպեսզի բազմակուսակցական ֆորմատը կարողանա մարսել Սամվել Բալասանյանի առաջատարությունը։

 

Ստացվում է՝ Բալասանյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու է ոչ թե ՀՀԿ-ից, այլ՝ ՀՀԿ-ՀՔԴՄ դաշինքի կողմից։ Վաղն էլ իշխանությունը ցինիկաբար կհայտարարի, որ դաշինքի ներսում Բալասանյանի թեկնածությունը առաջադրել է հենց Խոսրով Հարությունյանը։


Ի դեպ, ՀՔԴՄ կուսակցության մասին հանրապետությունում գիտեն երևի միայն Հարությունյանի հարազատները։ Այսինքն՝ այս կուսակցությունը Գյումրիում ոչ մի քվե չի ավելացնելու։ Հարությունյանի անձը կարող է նույնիսկ քվեների կորստի պատճառ դառնալ։ Մարդիկ չեն մոռացել նրա ձախողված վարչապետության մասին։

 

Դե Բալասանյանն ուրիշ է։ ՀՀԿ-ն անգամ «ՀՀՇ-ի Գևորիկի» հետ էլ է պատրաստ դաշինքի, միայն թե գործող քաղաքապետը շարունակի պաշտոնավարել։ Հետո ասում եք՝ նոր Սահմանադրություն, համամասնական ընտրություններ, բարեփոխում, ֆլան-ֆստան...

Սարգիս Հակոբյան