Հայաստանի Հանրապետությունում հաստատված արտակարգ դրության սահմանափակումները ապրիլի մեկին ավելի խստացվեցին: Պարետի որոշմամբ՝ սկզբում մինչև ապրիլի 12-ը, ապա նաև արտակարգ դրության երկարացմամբ, մինչև մայիսի 12-ը չեն գործելու ոչ մետրոն և ոչ էլ, առհասարակ, հանրային տրանսպորտը։ Սրան զուգահեռ պետք է նշենք, որ ՀՀ մարզերում և, հատկապես, Երևանում տարբեր հաստատություններ, սպասարկման կետեր շարունակում են աշխատել և տրանսպորտի սահմանափակումները առավելապես աշխատանքի գնացող քաղաքացիների դժգոհության առիթը դարձան: Ցածր աշխատավարձով մի կերպ գոյատևող մարդիկ ստիպված են օրվա աշխատած գումարի մեծ մասը ծախսել տաքսիով աշխատանքի հասնելու վրա: ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ բողոքներ ունեն նաև անձնագրային բաժիններում աշխատողների շրջանակներում: Աշխատավարձը մի բան է, մի հատ էլ տաքսիի հույսին են մնացել: Կան բաժիններ անգամ, որ հերթեր են գոյանում, ինչը ևս չի համապատասխանում արտակարգ դրության ընդհանուր տրամաբանությանը: Խոսվում է նաև, որ, եթե Մնացական Բիչախչյանից հետո խելամիտ նշանակում կատարվեր անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնում, ապա նման հեշտ լուծելի խնդիրները այսքան չէին բարդանա: Այս խնդիրը ընդդիմության կողմից մի քանի անգամ բարձրաձայնվեց խորհրդարանական նիստերի ընթացքում, կառավարության ներկայացուցիչներն ի պատասխան պնդեցին, որ գործատուն պիտի հոգա աշխատողի տեղափոխման ծախսերը: Կառավարությունը հայտարարեց, բայց քանի գործատու ականջալուր եղավ այդ հայտարարությանը...Միայն ապրիլի երեքին ՀՀ պարետի ցուցմամբ և Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված 40 երթուղիներով սկսվեց իրականացվել Երևանի 30 բուժհաստատությունների 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով: Բուժաշխատողների խնդիրը լուծվեց, սակայն հարյուրավոր այլ աշխատողներ ու մասնագեներ մնացին խնդրի առաջ կանգնած: Հիշեցնենք, որ Մնացական Բիչախչյանը ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնից ազատվել է սույն թվականի մարտին: Նա նշանակվել էր 2015 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով: