Ինչերի ասես, որ ականատես չես դառնա նախընտրական այս շրջանում. այն, ինչն ուղղակի անհնար էր պատկերացնել, այն ինչ ֆանտաստիկ էր թվում, այս շրջանում միանգամայն հնարավոր է դառնում: Բայց ասել, թե գործադրվող «տրյուկները» լիովին օտար են մեր իրականությանը, կամ դրանց հեղինակները շարունակաբար հեծանիվ են հորինում, սուտ կլիներ, քանի որ այս շրջանում տեղի է ունենում լոկ մեկ բան. այն բոլոր թերություններն ու չարաշահումները, որոնք մշտապես բնորոշ են եղել համակարգին, այս օրերին է՛լ ավելի մեծ սրությամբ են արտահայտվում ու ընդգծվում:

Չնայած ընտրությունների բուն օրը դեռևս թվում է հեռու, բայց արդեն իսկ կարելի է ասել, հետևելով կոնկրետ գործընթացներին, որ ոչինչ ընտրությունների անցկացման որակի վրա այնքան մեծ բացասական հետք չի թողնելու, որքան ռեյտինգային ընտրակարգը. արվում է հնարավոր ամեն բան՝ ցանկալի արդյունք գրանցելու համար:

Այսպես. բանից պարզվում է՝ կրքերը սկսել են թեժանալ նաև Տավուշի մարզում: Իսկ կրքեր թեժացնողը, պարզվում է, հենց մարզպետն է՝ Հովիկ Աբովյանն, ով ջանք ու եռանդ չի խնայում՝ սեփական ընկերոջը, մտերիմին՝ պատգամավոր դարձնելու համար: Իր այդ մտադրությունը կյանքի կոչելու ճանապարհին Աբովյանը, պարզվում է, մի շատ հետաքրքրական նորարարության է դիմել, եթե, իհարկե, կարելի է քայլն այդ՝ այդպիսին համարել, ու կատարել է նշանակում, որը, բացի ապշանքից, այլ զգացողություն չի առաջացնում. իր նախկին խորհրդական Անդրանիկ Շառյանին նշանակել է սոցիալական աջակցության Բերդի տարածքային գործակալության (ՍԱՏԳ) պետ:

Թե ինչ նպատակներով է Աբովյանն այս հապճեպ որոշումը կայացրել, ինչ խոսք, այնքան էլ դժվար չէ կռահել. չտեսնել այստեղ նախընտրական կրքեր, չտեսնել այս որոշման մեջ հստակ մտադրություն՝ բոլոր թույլատրելի կամ անթույլատրելի միջոցներով ձայներ ապահովելու իր նախընտրած թեկնածուի՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի օգտին, պարզապես աններելի կուրություն կլիներ: Ամեն ինչ շատ հստակ է. նա է ընտրություններում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունենալու, ում թիմն ամենից առատաձեռնը կգտնվի ու քաղաքացիների ձայների դիմաց համապատասխան չափի ընտրակաշառք կբաժանի: Իհարկե, այս պարագայում կարող է և ընտրակաշառքի տեսքն ու ձևը մի փոքր տարբեր լինել թղթադրամներից, ասենք՝ 20000-անոցի փոխարեն մի քանի կիլոգրամ լոբի կամ ոսպ բաժանեն ու այդքանով ազատեն իրենց բազմազբաղ գլուխները, բայց այն, որ դրանից խնդրի էությունը ոչ միայն չի փոխվում, այլև է՛լ ավելի այլասերված դրսևորում է ստանում, փաստ է: Հասկանալի է, չէ՞, թե Տավուշում լոբի բաժանողի դերում այս անգամ ով է հանդես գալու. դե, իհա՛րկե՝ Հովիկ Աբովյանի հետ սերտ կապերի մեջ գտնվող Բերդի «փարոսի պետը», ինչի համար էլ նրան վստահել են այդ գերկարևոր առաքելությունը՝ նախընտրական այս շրջանոմ լինել «փարոսի պետ»:

Այստեղ, սակայն, մեկ հետաքրքրական հարց է առաջանում. ասենք, եթե բերդցիները կամ թեկուզ նրանց մի մասն՝ առավել անապահովները, որոշեն՝ այս անգամ, ինչ էլ լինի՝ սեփական համոզմունքներին համապատասխան քվեարկել ու քաղաքացիական արիություն դրսևորել, ի՞նչ են անելու մարզպետ Աբովյանի թիմակիցներն, ինչպե՞ս են հակազդելու: Ենթադրելի է, որ լոբուց ու ոսպից կզրկեն «անհնազանդ» քաքացիներին՝ այդպիսով, իբր, պատժելով անկախ մտածելակերպ ունեցողներին: Կարծում եք՝ չափազանցությո՞ւն է ասվածը. շուրջբոլո՛րը նայեք…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ