ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անունը կա, ամանումը չկա: Հենց իրենք են ստիպում մտածել, որ սննդամթերքի անվտանգության, հետևաբար և մեր առողջության համար պատասխանատու այս կառույցը կամ կոռուպցիայի մեջ է թաղված, կամ աշխատողների, այսպես ասած, եղանակ որոշող մեծամասնությամբ բաղկացած է մասնագիտական առումով անգրագետ մարդկանցից, կամ էլ նրանք պարզապես անտարբեր են իրենց գործի նկատմամբ, ավելի ճիշտ, դրսևորում են հանցավոր անգործություն: Մեր առողջությունն ու կյանքը վտանգված են, բայց ո՞վ է տերը, չհաշված խնդրով մտահոգ որոշ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների:

 

Հայաստանյան սպառողների գերակշիռ մասն անտեղյակ է, որ հունիսից հոկտեմբեր ժամանակահատվածում ու Նոր տարվա շրջանում լայնորեն վաճառվող գազավորված կամ զովացուցիչ ըմպելիքների մեծամասնությունը շաքարի փոխարեն պարունակում է շաքարի փոխարինիչ' ասպարտամ: Պատճառը շատ պարզ է' արտադրողները արհեստական ճանապարհով սինթեզված հիշյալ հավելանյութն են օգտագործում, որովհետև այն շաքարից 160-200 անգամ քաղցր լինելով, շաքարից էապես էժան է ստացվում, ինչի շնորհիվ կարողանում են 1-1,5 լիտր տարողությամբ գազավորված ըմպելիքի շիշը 150-200 դրամով վաճառել, շուկայում մրցակցել ու դեռ գերշահույթ ստանալ:

 

Կան նաև ընկերություններ, որոնք իրենց արտադրանքը վաճառում են շիշը մինչև 350 դրամով, դրա վրայի պիտակի մեջ մակնշում են, որ պարունակում է, ասենք, 70 տոկոս շաքար, 30 տոկոս շաքարի փոխարինիչ կամ ասպարտամ, սակայն ո՞վ է տերը, ո՞վ է վերահսկում' այդ հարաբերակցությունն իրականում պահպանվո՞ւմ է, թե հակառակն է, ինչը նշանակում է սպառողներին խաբել ու «թալանել»:

 

Ի դեպ, շաքարի փոխարեն որոշ քանակի ասպարտամ օգտագործելու կասկածը կա նաև այն գազավորված ըմպելիքների մեծ մասի առնչությամբ, որոնց արտադրողներն այդ ըմպելիքների պիտակներում որպես քաղցրացնող նյութ մակնշում են միայն շաքարի առկայությունը: Մեզանում, ցավոք, քիչ չեն խիղճը կորցրած ու գերշահույթների հետևից ընկած մարդիկ: Այս կասկածը հենց այնպես չի առաջացել. որպես գազավորված ըմպելիքների սիրահար, զգացել եմ, որ հայտնի ըմպելիքներից որոշները, որոնց համին ծանոթ եմ վաղուցվանից, այլևս չունեն իրենց նախկին համը: Նույնի մասին դժգոհություններ լսել եմ նաև իմ բազմաթիվ ծանոթներից, ընկերներից ու բարեկամներից:

 

Քանի որ խոսք եղավ մակնշման մասին, նշեմ, որ օրենսդրության պահանջի համաձայն, արտադրողը շաքարի փոխարինիչի օգտագործման պարագայում պարտավոր է պիտակի վրա մակնշել այդ մասին, և նշում էլ են: Սակայն, արտադրողներից շատերն օրենքի պահանջը թեև կատարում են, բայց խորամանկում են. նկատի ունենալով, որ մեր երկրում սպառողները կամաց-կամաց տեղեկանում են արդեն, թե ինչ բան է ասպարտամը, պիտակների վրա իրենց արտադրած զովացուցիչ ըմպելիքի բաղադրությունը ներկայացնելով, պարզապես գրում են շաքարի փոխարինիչ, կամ դա էլ չեն գրում, մակնշում են E951, որը տվյալ սննդային հավելման ծածկաթվային անվանումն է: Ասպարտամը հանդես է գալիս նաև Свитли, Сластилин, Нутрисвит, Шугафри առևտրային անվանումներով, որոնք Հայաստանում վաճառվող քաղցր սննդամթերքների մակնշումներում հազվադեպ են հանդիպում:

 

Կենսաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի սպառողների ասոցիացիայի փորձագետ, Սպառողների ազգային ակադեմիայի գյուղդեպարտամենտի ղեկավար, Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լևոն Աճեմյանի տեղեկացմամբ, ասպարտամի վերաբերյալ սննդամթերքների եւ դեղաբանության ամերիկյան կազմակերպությունը ստացել է թունավորման վերաբերյալ 90 հիմնավորված արձանագրություն:

 

Հիշյալ լաբորատորիայի ղեկավարի հավաստմամբ, շատ տվյալներ կան, որ ասպարտամը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, ասպարտամի վերաբերյալ քննարկումներ են եղել նույնսկ ԱՄՆ Կոնգրեսում, 1985 թվականին:
«Գտել են,- շարունակեց Լևոն Աճեմյանը,- որ ասպարտամն անկայուն նյութ է և արդեն 30 աստիճանից կարող է առաջացնել մի շարք թունավոր նյութեր: Դրանք են ֆորմալդեհիդը, մրջնաթթուն, մեթանոլը և ֆենիլալանինը: Առաջին երեքն առաջին կարգի թունավոր նյութեր են, և եթե հաշվի առնենք, որ ասպարտամով հիմնականում էժանագին խմիչքներն են պատրաստվում և նրանք սառնարանում չեն պահվում, դե հիմա պարզ կլինի, թե ինչ ջերմաստիճանի տակ ինչ է տեղի ունենում… Ասպարտամը կազմված է ասպարագինոթթվից և ֆենիլալանինի խառնուրդից, օգտագործվում է մոտ 500 տեսակի ապրանքներում, նաև' ծամոնների մեջ»:

 

Ընդգծեմ, որ Երևանի և հատկապես Արարատյան դաշտի բնակավայրերի հարյուրավոր կամ հազարավոր խանութների դիմաց և այլուր արկղերով դրված և ասպարտամ պարունակող զովացուցիչ ըմպելիքները ամռան շոգին 30 աստիճանից էլ ավելի են տաքանում և, ինչպես Լ.Աճեմյանի ասածից է հայտնի դառնում, թունավորում այն օգտագործողներին։ Հենց մայրաքաղաք Երևանում, քաղաքի կենտրոնական մասում, օրինակ, «Գումի շուկայի» մոտ, ամռան այս շոգին խանութներից դուրս արկղերով դրված, օրը ցերեկով վաճառվում են տարբեր զովացուցիչ ըմպելիքներ, որոնց մեջ 30-ից բարձր ջերմաստիճանի (հուլիսին, օգոստոսին արդեն' մոտ 40 աստիճանի) հետևանքով այդ թունավոր նյութերն արդեն կան: Ավելին. դրան գումարած նաև այն թունավոր նյութերը' մոնոմերները, որոնք բարձր ջերմաստիճանի հետևանքով կարող են առաջանալ այդ ըմպելիքների պլաստիկե շշերից: Նշված պայմաններում վաճառվող գազավորված ըմպելիքները կարող են առաջացնել քաղցկեղ, երիկամների, լյարդի և մի շարք այլ հիվանդություններ:


Վաճառողները, որոնց գերակշիռ մասն իր տգիտության, փոքր մասն էլ անտարբերության պատճառով է զովացուցիչ ըմպելիքները դնում արևի տակ, այդպես են վարվում իրենց ապրանքը հաճախորդներին առավել տեսանելի դարձնելու համար, մտածում են' ըհը, արևի տակ շոգած մարդիկ են, կտեսնեն էժան բան է, կառնեն, կտանեն կդնեն սառնարան, կխմեն, չէ՞ որ սառը գազավորված ըմպելիքը թերևս բոլորին էլ հաճելի է: Ի դեպ, ասպարտամ պարունակող և համեմատաբար էժան այդ գազավորված ըմպելիքներն օգտագործողները հիմնականում հասարակության սոցիալապես անապահով հատվածի ներկայացուցիչներն են ու, հատկապես, գազավորված ըմպելիքների սիրահար նրանց երեխաները։

 

«Մենք այսօր բախվում ենք քաղցկեղի ու տարբեր հիվանդությունների աճի, այդ թվում նաև' մարդկանց վերարտադրության հիմնախնդիրների հետ,- ասաց Լևոն Աճեմյանը:- Երբ մտնում եք այդ վերարտադրության կենտրոններ, տեսնում եք ինչքան երիտասարդներ կան: Բժիշկների հետ զրուցելու ժամանակ պարզվեց, որ վերարտադրողական տարիքի անձանց մոտ 30, նույնիսկ ավելի տոկոսն այդ պրոբլեմի առջև է կանգնած։ Այդ ամբողջը գալիս է սննդից, ստրեսների հետ կապ չունի։ Հայրենական մեծ պատերազմին խրամատներում 4-5 տարի կռված, դաժան պայմաններում գոյատևած զինվորները դրանից հետո եկել, բոլորն էլ երեխաներ են ունեցել։ Հիմա այդ պրոբլեմը ոչ միայն աղջիկների, այլև տղամարդկանց առջև էլ է ծառացել»։

 

Հիմա ամռան շրջան է, բոլորն էլ ջրի կարիք ունեն, ջրի նկատմամբ մարմնի կարիքները բավարարելու համար շատերը գնում են գազավորված ըմպելիքներ, որովհետև համեղ են, մինչդեռ դա սխալ մոտեցում է: Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավարի հավաստմամբ, գազավորված ըմպելիքներին եթե ոչինչ էլ հավելված չլինի, ասենք, ներկանյութեր, արհեստական բուրավետ նյութեր, շաքարին փոխարինող նյութեր, պատրաստված լինեն միայն շաքարով և, ասենք, որևէ մի օրգանական թթվի հիմքով, ապա դրանց հաճախակի օգտագործումը, միևնույն է, օրգանիզմի համար վնաս է: Մինչդեռ, կան մարդիկ, օրինակ, «արագ սննդից» օգտվողները, որոնք այդ զովացուցիչ ըմպելիքներից օգտագործում են ոչ թե, ասենք, ամիսը կամ շաբաթը մեկ բաժակ, այլ ամեն կամ գրեթե ամեն օր, ինչն արդեն լուրջ վտանգ է ներկայացնում նրանց առողջության համար: Նախ, կես լիտր զովացուցիչ ըմպելիքի մեջ, Լ. Աճեմյանի տեղեկացմամբ, կա մոտավորապես 60 գրամ շաքար, դա արդեն կազմում է կալորիականության օրական նորմայի 10 տոկոսը (60 գրամ շաքարը 240-260 կիլոկալորիա էներգիա է տալիս): Եթե այդ շաքարն ընդունեցինք, գիրացման խնդիրներ կան, օրգանիզմի վրա շաքարի բացասական ազդեցություն կա, եթե համարենք, որ զովացուցիչ ըմպելիքը շաքարով է պատրաստված: Օրինակ, «Կոկա-կոլան» համարվում է շաքարով պատրաստված: Այս վերջինի կապակցությամբ գիտնականն ասաց, որ «Կոկա-կոլա» գնելու դեպքում նախընտրելին դրա սովորականն է, քան, այսպես կոչված, լայթսը, որովհետև դրա մեջ ավելի շատ է նատրիումի բենզոատը, բացի այդ, շաքարի փոխարինիչ' ասպարտամ է օգտագործվում:

 

Գազավորված ըմպելիքները, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների ուսումնասիրությունների, 20 տոկոսով ավելացնում են շաքարախտով հիվանդանալու հավանականությունը: Շաքարի չարաշահումը հանգեցնում է օրգանիզմի ինսուլինային հավասարակշռության խախտման և, ի վերջո, շաքարախտի, նաև' սրտանոթային հիվանդությունների: Շաքարի փոխարինիչներից են նաև սախարինը և այլ նյութեր, բայց ամենից շատ օգտագործվում է ասպարտամը:

 

Ընդ որում, խնդիրը միայն ասպարտամը չէ, որ առկա է ներկայումս արտադրվող գազավորված ըմպելիքների մեծ մասում (խորհրդային տարիների անվտանգ լիմոնադները դեռ շատ ենք հիշելու): Դրանց քիմիական բաղադրիչներից է նաև նատրիումի բենզոատը (E211), որն օգտագործվում է խմորասնկերի, բորբոսասնկերի, մանրէների առաջացումն ու զարգացումը կանխելու, ըմպելիքի երկարատև պահպանումն ապահովելու համար: Գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման պարագայում ստացվում է նատրիումի բենզոատի չարաշահում, դրա գերչափաքանակի ընդունում, ինչը վնասակար է: E211-ի և C վիտամի միախառնումը որոշակի պայմաններում առաջացնում է բենզոլ, որը լինելով թունավոր նյութ, կարող է հանգեցնել լյարդի ցեռոզի, իսկ այդպիսի գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման, այսինքն' բենզոլի մեծ չափաքանակների ընդունման պարագայում առաջացնել նույնիսկ քաղցկեղ:

 

Արթուր Հովհաննիսյան