ԼՈՒՐԵՐ.com-ը շարունակում է ներկայացնել իրավիճակը Խորենացի փողոցում: Այս պահին Խորենացի փողոցում է գտնվում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նախ նշեց, որ բանակցությունների ընթացքի մասին որևէ տեղեկություն չունի: Փաշինյանի խոսքով, եթե բանակցող կողմերից մեկը Ժիրայր Սէֆիլյանն է, ապա առաջանում է մեկ խնդիր՝ նա չի տիրապետում ամբողջ ինֆորմացիային:

 

«Թե ինչքանով կարելի է դա համարել բանակցություն, այլ գնահատականի հարց է: Ես խնդիրը տեսնում եմ նույն կերպ. հանրությունը, քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բացառեն ուժային լուծումները: Ես այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ և առաջարկել եմ՝ խորհրդարանական որևէ ֆորմատով այս հարցը քննարկման առարկա դարձնել: Նա խոստացավ մտածել այդ մասին, սակայն այնքան էլ ոգևորված չէր: Ինձ անհանգստացնում է այն, որ իրադարձությունների զարգացման և տեսլականների մասին խոսում է միայն ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը: Եթե մենք պետք է իրավիճակը գնահատենք քրեական որևէ հոդված բացելով կամ ցիտելով՝ նշանակում է՝ մենք իրավիճակը ճիշտ չենք գնահատում և հասկանում տեղի ունեցածի դրդապատճառները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Ըստ նրա՝ ընդունելի չեն այն ձևակերպումները, թե «Սասնա Ծռերի» անդամները ահաբեկիչներ են:

 

«Սա նշանակում է շփում չունենալ ՀՀ ժողովրդի հետ: Ցանկացած քաղաքական գործիչ կփաստի, որ յուրաքանչյուր գյուղ, եթե մտնես ու խոսես, մարդիկ դժվարությամբ են լսում, նրանք ասում են՝ պետք է զենք վերցնել: Ստացվում է՝ ՀՀ բնակչության զգալի մասը ահաբեկի՞չ է: Սերժ Սարգսյանն իր գործունեության ընթացքում ունի կոնկրետ արդյունք. քաղաքացիների մեծամասնությունը խնդիրների լուծման ուժային պատկերացում ունի: Այն քաղաքական գործիչները, ովքեր ահաբեկիչ են անվանում, մի անգամ չտեսանք, որ նրանք իշխանավորների կոնկրետ հանցագործություններին անդրադառնային: Հիմա «սապոնվելու» կոնկրետ առիթ է, որոշել են ամբողջ ներուժը օգտագործել»,- ասաց նա:

 

Փաշինյանը տեղեկացրեց, որ ինքն այսօր հարցում է ուղարկել Ոստիկանությանը, խնդրելով պարզաբանել, թե ինչու են քաղաքացիներին բերման ենթարկել ու տարել Ոստիկանության զորքեր. «Հարցման պատասխանը ստանալուց հետո կարիք կլինի դիմել Հատուկ քննչական ծառայություն՝ պարզելու՝ ինչ հանցակազմ կա այդտեղ»: Պատգամավորը հավելեց՝ գրոհը բերելու է երկուստեք զոհերի. «Ես չեմ կարծում, թե հետագա արյունահեղությունը լուծելու է խնդիրը, ոչ թե ավելի խորացնելու: Ես ցավում եմ զոհված գնդապետի հարազատներին»:


Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իր տեսակցությունը Ժիրայր Սէֆիլյանի հետ դրական կլիներ՝ իրավիճակը գնահատելու և հասկանալու համար: «Ովքեր ասում են՝ նրանք ահաբեկիչներ են, ստեղծում են հող՝ գրոհի համար: Կարծում եմ՝ պետք է խնդիր դնել հետագա արյունահեղությունը կանխելու համար»,- եզրափակեց իր խոսքը Նիկոլ Փաշինյանը: