Թուրքիայում զինված հեղաշրջման ձախողված փորձից հետո Ազգային հետախուզական ծառայությունից հեռացվել է շուրջ 100 աշխատակից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխատանքից հեռացվել են նաև Թուրքիայի վարչապետի աշխատակազմի 257, կրոնական գործերով նախարարության 492 աշխատակիցներ:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում «զտումները» շարունակվում են, ձերբակալված է շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է, որ այս թիվն առաջիկայում ավելանալու է:
Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին: