22:09

Խորենացի փողոցում ցուցարարները խնդրում են կանչել ոստիկանության պաշտոնիայի, ով կպատասխանի իրենց առաջարկներին՝ սնունդ փոխանցելու հարցում: Այնտեղ է նաև դերասանուհի Լալա Մնացականյանը, ով ամեն կերպ փորձում է օգնել ցուցարարներին՝ խնդիրը լուծելու հարցում:

 

20.30

Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը նկատել է, որ ցուցարարների շարքերում կան ալկոհոլ օգտագործած քաղաքացիներ:

 

«Եթե անգամ տղաների կենացն եք խմել, խնդրում եմ, հավաքից հեռու կանգնեք»:


19.00

Խորենացի փողոցում է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:

 

Ես միանշականորեն այս հարցին լուծում տեսնում եմ և հենց այդ պատճառով էլ այսօր իմ թիմակիցների հետ եկել եմ ոստիկանության ղեկավարության հետ խոսելու և, առհասարակ, ասելու, որ ժամանակն է հարցը բերել քաղաքականություն և տալ քաղաքական լուծում: Ես մերժում եմ, որ սա փակուղային վիճակ է, չկա այդպիսի հարց, որ լուծում չունի:

 

«Եթե իշխանություններն այս կրիտիկական պահին պնդեն, թե իրենք հանցագործների հետ չեն բանակցի, ես հետևյալ հարցն եմ ուզում տալ իշխանություններին. ուրեմն կարելի է հա՞ բանակցել Թուրքերի հետ, ովքեր մեկուկես միլիոն հայ են ջարդել, ուրեմն կարելի՞ է բանակցել Ադրբեջանի հետ, որ պատերազմ է սանձազերծել, մեր հայրենակիցների գլուխն են կտրել, աչքերն են հանել, իսկ այս տղաների հետ, ովքեր Ղարաբաղն են ազատագրել չի՞ կարելի բանակցել: Իշխանություններն այսօր կոշտ դիրքորոշում են որդեգրել, ժամանակն է դա մեղմացնել»,- ասաց Օսկանյանը:

 

16։00

Խորենացի փողոցում իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է։ Այնտեղ գտնվողների թիվն այդքան էլ շատ չէ։ Քիչ թվով ոստիկաններ ևս շարունակում են հերթապահություն իրականացնել։ Քիչ առաջ էլ այնտեղ գտնվող մարդկանցից մեկի ինքնազգացողությունն էր վատացել։ Նրան շտապ օգնության մեքենայում համապատասխան բուժօգնություն ցուցաբերեցին։  Խորենացիում գտնվող բնապահպան Կարինե Դանիելյանն էլ հայտարարեց, թե մի խումբ կանայք ցանկություն են հայտնել հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի և զինված խմբի անդամների հետ։ 

 

12:40

Այս պահին Խորենացի փողոցում է գտնվում Անահիտ Բախշյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժողովուրդը չի վախենում։ Նա չբացառեց, որ այսօր երեկոյան մարդկանց թիվն ավելի կշատանա։

 

«Շատ խելացի մարդիկ լուծումների խելացի առաջարկներ են անում, թող դնեն, նայեն։ Ես շատ մտահոգ եմ։ Կարծում եմ՝ այստեղ հավաքված ժողովուրդն էլ ինչ-որ բան հրահրում է»,- ասաց նա։

 

Բախշյանը նշեց, որ շատ կուզենար հանդիպել և խոսել զինված խմբի անդամների հետ. «Պավլիկ ջան, ազնիվ նպատակներով պայքար եք սկսել, բայց էն մեղքը, որ վերցրել ես քո վրա, Աստված չանի... հետո ինքդ քո հետ խաղաղ չես ապրի։ Ես պատրաստ եմ ծնկի գալ տղաների առաջ, թող չլինի արյունահեղություն, այլ տարբերակ առաջարկեք»։ 

 

10։00

Խորենացի փողոցում այս պահին հանգիստ է, սակայն երեկ երեկոյան և գիշերը բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև: Մոտ 50 տուժած կա, որից 28-ը՝ ոստիկան: 

 

Ցուցարարները պահանջել են լուծել «Սասնա ծռեր» խմբի սննդամթերքի հարցը, սակայն արձագանք չեն ստացել: Ինչից հետո բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները սկսել են աղմկարար նռնակներ նետել, հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։ Իրավապահները նաեւ արցունքաբեր գազ են կիրառել։


Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: