Ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանն ու ընդդիմադիրները իրենց բողոքի գործողությունները սկսեցին Նոր Նորքի 7-րդ զանգվածից: 

17:30

Այս պահին Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է ցուցարարներով: Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները քայլերթով հասան այնտեղ: Կան մեծ թվով ոստիկաններ, իրավիճակը այս պահին հանդարտ է:

15:48

Այս պահին իրավիճակը լարված է Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոցի խաչմերուկում: Ցուցարարները կաթվածահար են արել երթևեկությունը, ժամանում են ոստիկանական նոր ուժեր:

13.30

 

Ցուցարարներին միացավ երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Ըստ նրա, կառավարությունը պետք է հրաժարական տա:

13.26

Ցուցարարներն այս պահին Սայաթ Նովա պողոտայում են:

13.00

Երեւանում ցուցարարները քիչ առաջ փակել են Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկը:

Ցուցարարները կանգնել են մեքենաների դիմաց եւ հորդորում են միանալ իրենց: Բողոքի այս ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:

12:48Նիկոլ Փաշինյանը խոսելով Սերժ Սարգսյանի երկխոսություն սկսելու մասին, ասաց.

«Պատրաստ ենք քննարկել միայն իր հեռացման պայմանները: Սա երկխոսություն չէ: Ես երեկ ասեցի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություն չենք ուզում: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովդին լինի անցնցում»:

12.35

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իրեն ձերբակալելու հարցին ասաց.

«Գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ: Եկեք պատկերացնեք, թե ինչ տեղի կունենա այդ օրը Հայաստանում, դա կլինի հեղափոխության վերջը: Սերժ Սարգսյանը, եթե ուզում է թող փորձի»,- ասաց նա:

12.30

Նիկոլ Փաշինյանը բերման ենթարկվածների հարցով դիմեց ոստիկանությանը.

Երեխեքի ցավը տանեմ, կգնան, երեք ժամ կհանգստանան, կգան: Սիրելի´ ոստիկաններ, ոնցոր միշտ անում եք, բերման ենթարկվածներին, խնդրում ենք, սուրճ հյուրասիրեք, կոնֆետ, քաղցրավենիք, որովհետև մենք ձեր եղբայրն ենք, դուք էլ մեր եղբայրն եք:

12.05

Հատուկջոկատայինները մտան երթի շարքերը և շուրջ 10 հոգու բերման ենթարկեցին:

12.00

Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք և պաշտոնապես տեղեկացրեց շտապ հավաք կազմակերպելու մասին:

Հեռախոսազրույցի վերջում նա ևս մեկ անգամ ճշտեց իրազեկվա՞ծ եք:

11.55

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց հավաքը շտապ հավաք է, քանի որ գիշերը կոտրել են իրենց ակտիվիստների մեքենաները և քաղաքացիական հագուստով ինչ -որ մարդիկ բռնություն են կիրառել ակտիվիստների նկատմամբ և այս ինքնաբուխ հավաքով իրենք արձագանքում են այդ դեպքերին:

 

Օսիպիյանը չհամաձայնվեց Փաշինյանի հետ՝ նշելով, որ իրենք նախապես այս ակցիան ծրագրել էին:

11.45

Նիկոլ Փաշինյանն իր համախոհներին կոչ արեց մեծ խմբերով մոտենալ 5-րդ Մասիվի «Տիտան» սուպերմարկետի մոտ: Տեղում մեծաքանակ ոստիկաններ են աշխատում և շրջապատել են ակցիայի մասնակիցներին:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր համախոհներին քաղաքի բոլոր հատվածներում փակել փողոցները, ինչպես նաև համախմբված լինել, որպեսզի ոստիկանությունը բերման ենթարկելու հնարավորություն չունենա: