Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիան զգալիորեն կորցնում է իր կշիռը միջազգային ասպարեզում, սակայն փորձում է հարաբերություններ հարթել Ռուսաստանի հետ, գրում է Die Presse-ը:
Ինչպես նշում են, Թուրքիայում վերջին օրերին ձերբակալված հազարավոր մարդկանց շրջանում նաև այն երկու օդաչուներն էին, որոնք խոցել էին ռուսական «Սու 24» օդանավը 2015-ի նոյեմբերին: Անկարան նրանց մեղադրում է խռովությանը մասնակցելու մեջ:
Թուրքիայում սկսված զտումների իրարանցման մեջ փաստերը հազվագյուտ են հաշվի առնվում, շարունակում է հեղինակը: Ազատվելով ենթադրյալ ընդդիմախոսներից` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միաժամանակ հույս ունի վերջնականապես կարգավորել Ռուսաստանի հետ տարաձայնությունները:
Երկկողմանի հարաբերությունները վաղուց այդքան հետաքրքրաշարժ ձևեր չէին ստացել, ասվում է հոդվածում: Մի քանի ամսում Էրդողանը ու Վլադիմիր Պուտինը ընկերներից թշնամիներ դարձան, ու հիմա, ձախողված հեղաշրջումից հետո նրանց միջեւ նորից վերականգնվել է ընկերությունն ու համերաշխությունը, չնայած պարզ չէ, թե դա ինչքան կտևի:
Արևմտյան առաջնորդների մեծ մասը խուսափեց Էրդողանին համերաշխություն հայտնելուց: Պուտինն առաջինն էր, ով բացահայտ Թուրքիայի նախագահին ցույց տվեց իր աջակցությունը՝ հայտարարելով հակասահմանադրական գործողությունների անընդունելիության մասին: Մինչ Եվրոպան Անկարային կոչ է անում պահպանել իրավական պետության նորմերը, Կրեմլն այս հարցով լռություն է պահպանում ու կշարունակի նույն ոճով, համարում է հոդվածագիրը:
Տեսաբանի կարծիքով Մոսկվային ձեռնտու է այն իրավիճակը, որում հայտնվել է Էրդողանը: Մոտակա ժամանակները նա զբաղվելու է պետությունը բռնապետական դարձնելու հարցերով ու տնտեսական խննդիրների լուծումով: Նրա տարածաշրջանային նկրտումները երկրորդ պլան կմղվեն, ու Ռուսաստանը առաջատար դիրքեր կզբաղեցնի Սիրիայում որպես միջազգային միջնորդ ու ռազմական ուժ: