23:00
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը իր խոսքում նշեց «Սասնա Ծռեր» խմբի անդամների հիմնական և առանցքային նպատակները, որոնք են՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը և վստահելի կառավարության ստեղծումը: Նա Նաև հայտնեց իր ցավակցությունը զոհված գնդապետի մահվան կապակցությամբ և կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արթուր Վանոյանի հիշատակը:
Խորենացի փողոցում հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված գնդապետի հիշատակը: Ալեք Ենիգոմշյանը հորդորեց բոլոր նրանց, ովքեր դժվարանում են հասնել Երևան, տեղում կազմակերպել հավաքներ:
Վերջինից հետո բարձրախոսին մոտեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ վաղվանից կանոնավոր կերպով բողոքի ակցիաներ են անցկացվելու:
22:20
«Այստեղ լինելու է այն վայրը, որտեղ մեր քաղաքացիները արտահայտելու են իրենց կամքը՝ արդյոք պետք է Սերժ Սարգսյանը հեռանա, թե շարունակի իր գործունեությունը: Ցանկացած որոշում, որ կայացնի մեր ժողովուրդը ՝ մենք կանգնելու ենք իր կողքին: Եթե մարդը ուզում է, որ իրեն թալանեն, մենք նրանց չենք կարող օգնել, եթե մարդը ուզում է որ Հայաստանի Հանրապետությունը լինի իրավական, ինքնիշխան, ինքնավար, ազատ պետություն, ազատ Արցախ և միասնական մի պետություն, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ուրեմն Երևանը պետք է ոտքի կանգնի»- Խորենացի փողոցից իր հնչեցրած խոսքում նշեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
12։38
Դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ՊՊԾ գնդում զինված խմբի անդամների հետ բանակցություններ է վարում։
12։10
Ոստիկանությունը Խորենացի փողոցում մեքենաներով կառուցած պատնեշը փոքր-ինչ հետ է տվել, որպեսզի տարածքում գտնվող ցայտաղբյուրից քաղաքացիները կարողանան ազատորեն օգտվել։ Իրավիճակը ՊՊԾ գնդի տարածքում հանգիստ է, որևէ բախում տեղի չի ունեցել։ Այս պահին ևս տարածքում շատ քիչ մարդ կա։
09։50
Խորենացի փողոցում գիշերը հանգիստ է անցել, ցուցարարների և ոստիկանների միջև մերթընդմերթ թեթև ընդհարումներ են եղել, որոնք արագ հարթվել են: Այս պահին փողոցի այդ հատվածում քիչ մարդ կա:
Նախօրեի երեկոյան կարգավորվել է նաեւ զինված խմբի սննդի հարցը, որը վերջին օրերին սրվել էր, իսկ հուլիսի 21-ի երեկոյան ոստիկանների եւ ցուցարարների բախման պատճառ էր դարձել։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են պահում ոստիկանության մի քանի ծառայողի: