Այսօր՝ լուսադեմին, փոխհրաձգության հետևանքով վիրավորվել և «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Հովհաննես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանը։ Ժամեր անց արդեն «Էրեբունի» ԲԿ-ն գտնվում էր Ոստիկանության վերահսկողության ներքո և ԲԿ-ի մուտքը հսկվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից։
Արթուր Պետրոսյանի դստեր՝ Տաթևիկի խոսքով, հինգից ավելի փաստաբաններից միայն Հայարփի Սարգսյանն էր արձագանքել Տաթևիկի խնդրանքին ու եկել «Էրեբունի» ԲԿ։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Հայարփի Սարգսյանը տեղեկացրեց, որ Ոստիկանության աշխատակիցները չեն թույլատրել իրեն մուտք գործել «Էրեբունի» ԲԿ և նույնիսկ ՄԻՊ արագ արձագանքման խմբին ԲԿ հրավիրելը չստիպեց ոստիկաններին փոխել որոշումը։
Էրեբունի ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի բաժնի ղեկավար Հարություն Մանգոյանն անդրադառնալով ԲԿ տեղափոխված վիրավորներին' հայտնել է, որ երկու վիրավորն էլ այսօր կմնան վերակենդանացման բաժանմունքում, վաղը նոր պարզ կլինի՝ նրանց կտեղափոխեն հիվանդասենյակ, թե՝ ոչ: