ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կարձանագրվի: Նման հայտարարությամբ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հանդես է եկել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Վիեննայի և Պետերբուրգի հանդիպումները դեր են խաղացել հարաբերական կայունության և շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազման հարցում: Նախագահների ակնկալվող հանդիպումը պետք է ցույց տա կողմերի պատրաստակամությունը հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում: Մենք նաև ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կնպաստի բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն, ինչպես նաև թույլ կտա շարունակել կողմերի միջև լարվածության թուլացմանն ուղղված աշխատանքները: Ակնկալում ենք, որ կողմերը հավատարիմ կմնան հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ նախագահների կողմից արտահայտած պատրաստակամությանը»,- ասել է Ուորլիքը: