Արդեն 12-րդ օրն է, ինչ գրավված է ՊՊԾ գունդը: Գիշերվա հանրահավաք-երթից հետո Խորենացի փողոցում այժմ հանգիստ է, իսկ ժամը 20.00-ին քաղաքացիները նախատեսել են կրկին հանրահավաք կազմակերպել:
22:06
Հանրահավաք կլինի նաև վաղը և կորոշվի նոր քաղաքացիական անհնազանդություն, որը կիրականացնեն ցուցարարները, այս մասին ասաց Արմեն Մարտիրոսյանը:
21:00
Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ ամենօրյա հավաքը, որի ընթացքում ելույթով հանդես եկան «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալբերտ Բաղդասարյանը, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը և այլք:
«Մենք պետք է սկսենք քաղաքացիական անհնազանդություններ: Դադարեցրեք համացանցով հետևել, եկեք Ազատության հրապարակ: Երթ ենք անում դեպի Բաղրամյան: Ոստիկանություն երթը խաղաղ է, խնդրում եմ չխոչնդոտել»,- այս մասին իր ելույթում նշեց Արմեն Մարտիրոսյանը:
20:30
Ազատության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի անդամների:
Ազատության հրապարակը լի է մարդկանցով, որոնք կրում են եռալեզու գրված ««Սասնա ծռեր» ինձ պատանդ վերցրեք»: Այսօրվա հավաքի նպատակի և հետագա քայլերի մասին Արմեն Մարտիրոսյանը չցանկացավ խոսել:
«Դուք կլինեք և կտեսնեք մեր հետագա քայլերը», - նշել է Արմեն Մարտիրոսյանը:
17.15
Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը դատապարտում է հանցավոր վարչախմբի քաղաքականությունը՝ ապստամբների դեմ բռնի ուժով, գործիչների դեմ ազատազրկմամբ և քաղաքացիների դեմ իրավունքների զանգվածային խախտմամբ տապալել Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարգավորելու բոլոր ջանքերը: Այդ գործելակերպը որդեգրելով՝ վարչախումբը դրդում է քաղաքացիներին համաժողովրդական ապստամբության՝ դրանից բխող հետագա ծանր հետևանքներով: Ձերբակալված գործիչների ժամ առաջ ազատումը վարչախմբի վերջին հնարավորությունն է՝ ցուցաբերել իր պատասխանատու վերաբերմունքը երկրում ձևավորվող համաժողովրդական ընդվզման նկատմամբ:
16.10
Այսօր ժամը 19:30-ին Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք է նախատեսվում:
16.05
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի ձերբակալումով դժվարին իրավիճակ է ստեղծվել, քանի որ նա կամուրջ էր հանդիսանում ապստամբների եւ հանրության միջեւ:
16.00
«Նոր Հայաստանի» խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը ասուլիսի ժամանակ ասել է, որ Խորենացի փողոցից հուլիսի 27-ին քաղաքացիներին բերման ենթարկելով նպատակ են ունեցել կանխել բազմամարդ խաղաղ հավաքը: