Առավոտյան լուրեր տարածվեցին, որ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել։ Դրան զուգահեռ հրապարակվեց, որ Գյումրիում կրակոցներ են հնչել։ Շիրակի մարզպետը շտապ հերքեց լուրը, նշելով, որ դա արվում է իրավիճակը սրելու համար։ Ոստիկանությունը ևս հերքեց կրակոցների վերաբերյալ տեղեկությունը, իսկ ռուս զինծառայողի մասով, ըստ էության, ոչ։
«Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Նշվել է նաեւ, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից: Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել: Զանգվածային լրատվամիջոցներին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված տեղեկություններով չսրել իրավիճակը»,- հրապարակումից անմիջապես հետո գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Քիչ առաջ ԼՈՒՐԵՐ.com-ին Գյումրիից հավաստի տեղեկություններ հասան, որ ռուսական ռազմաբազայից իրոք զինծառայող է փախել, կոչումով՝ սերժանտ։ Այս պահին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Գյումրու փողոցներում արդեն իսկ փակցվել են հետախուզման վերաբերյալ թռուցիկներ։ Ավելին՝ զինծառայողին հայտանբերողին խոստացել են 100 դոլար պարգևավճար։ Այս պահին ունեցած ինֆորմացիայի համաձայն՝ զինծառայողը, հնարավոր է, որ գտնվում է Գյումրու հարակից գյուղերում։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր հայտարարությունում նշել է, որ իրենց հարցմանն ի պատասխան՝ հայտնել են՝ ռուսական ռազմաբազայից զենք-զինամթերք դուրս չի եկել։ Այսինքն՝ կարող են փաստել, որ զինծառայողն առանց զենքի է փախել։
Քրիստինա Աղալարյան