Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից երկու պայմանագրային զինծառայող է անհետացել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Երրորդ օրն է, որ ռուսական ռազմաբազայի զինծառայողները անհետացած պայմանագրային զինծառայողների լուսանկարները ձեռքներին՝ շրջում են ռեստորաններով, սրճարաններով և այս օբյեկտների աշխատակիցերին հարցնում են՝ նրանց տեսե՞լ են, թե՞ ոչ: Այսօր արդեն հայտնվել են քաղաքի կենտրոնում, ինչպես նաև Մուշ թաղամասի բնակելի շենքերում: Ինչո՞ւ եմ նշում: Քանի որ ռուս պայմանագրային զինծառայողների մեծ մասը բնակվում է հենց այդ թաղամասում, որը շատ մոտ է ռուսական ռազմաբազային»,- ասաց նա:
Գագիկ Համբարյանի համար զարմանալին այն է, որ լրատվամիջոցները տեղյակ չեն դրա մասին. «Զարմացած չեմ, որ իրավապահները տեղյակ չեն, քանի որ ռուսական կողմը բազմիցս է արտահայտել իր արհամարհանքը հայ իրավապահների նկատմամբ, ինչպես եղավ Պերմյակովի դեպքում: Վերջինս կորել էր բազայի տարածքից գիշերը 2-ի սահմաններում, սակայն ռուսական կողմը հայ իրավապահներին տեղեկացրեց միայն առավոտյան 8-9-ի կողմերը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ տեղի ունեցածը 102-րդ ռազմաբազայի աշխատանքային ոճն է:
Մենք տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, որտեղից պատասխանեցին, որ նման ահազանգ չեն զգացել:
Սոնա Հարությունյան