Հուլիսի 26-ին՝ գիշերը, ժամը 2-ի սահմաններում ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում ստացած՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում այսօր այցելել էր նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը:

 

Փաստաբանի խոսքերով՝ բավականին մտահոգիչ էր սենյակի սանիտարահիգիենիկ վիճակը, որտեղ պահվում էր իր պաշտպանյալը, այնտեղ մոծակներ ու խավարասերներ են եղել, և հավելեց, որ Հովհաննեսը գիշերը չի կարողացել քնել, քանի որ խավարասերները բարձրացել են նրա բաց վերքի վրա:

 

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից: Նախնական խափանման միջոցը՝ կալանավորում:

 

Անդրադառնալով այս հարցին՝ փաստաբանը նշեց. «Կալանավորման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ նա կարող է փախուստի դիմել։ Անհիմն է այս որոշումը, քանի որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և չի կարող քայլել։ Դեռ ևս մեկ վիրահատության կարիք ունի»:

 

Փաստաբանն ասաց նաև, որ իր պաշտպանյալն այժմ էլ ջերմություն և ցավեր ունի: