Սարի թաղում և Խորենացի փողոցում հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված քաղաքացիներից 25-ը բուժում են ստանում Երևանի հիվանդանոցներում: Նրանցից 13-ը գտնվում են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

 

Լրագրողների հետ ճեպազրույցում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն Վաչագան Այվազյանը տեղեկացրեց, որ տուժածներից 15-ն այս գիշեր կամ վաղը ցերեկը կկարողանան արդեն դուրս գրվել:

 

«Այս պահին բուժում ստացողներից 9-ը վերակենդանացման բաժանմունքներում են, նրանցից 2-ը' «Էրեբունի» ԲԿ-ում, իսկ 7-ը' «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում»,- նշեց Այվազյանը:

 

Նրա հաղորդմամբ' ամենածանր տուժածը ոստիկանն է, ով «Էրեբունի» ԲԿ-ում է: Նա հրազենային վիրավորում է ստացել փորի շրջանում, վնասվել է հաստ աղիքը: Այվազյանի խոսքով' նախնական ապաքինումից հետո նրան երկարատև բուժում և բարդ վիրահատություններ են սպասում:

 

Մյուս տուժածը զինված խմբի անդամ է, ում վնասվածքը եղել է սրունքի շրջանում: Նա վիրահատվել է, բժիշկներն այժմ վիճակը բավարար են գնահատում:

 

Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից դեպի Խորենացու փողոց շարժվող ցուցարարները անակնկալ կերպով փոխել էին երթի ուղղությունը և շարժվել Սարի թաղի ուղղությամբ: Երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կա վնասված տեխնիկա: Խորենացու փողոցում և Սարի թաղում հավաքվածներին մի քանի անգամ հավաքի անօրինական բնույթի մասին տեղեկա ցնելուց և տարածքը լքելու հորդորից հետո ոստիկանությունը ցրել է հավաքվածներին: Ոստիկանության աշխատակիցները մի քանի շարք պատնեշով առաջացել են հավաքվածների շարքերի մեջ, նաև լուսաձայնային միջոցներ կիրառելով սկսեցին բերման ենթարկել նրանց: Գիշերը տարբեր հիվանդանոցներ էր դիմել 73 քաղաքացի: