Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից 1969 թվականին ծնված Սերոբ Սարգսի Պողոսյանի վիճակը վատացել է: Նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին, ՌԴ Արմավիր քաղաքի 3-րդ քաղաքային հիվանդանոցից: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում են գտնվում Ալվարդ Նիկոլայի Մուրադովան, ում մոտ առկա է արյան զեղում և հեմատորաքս' ձախ շրջանում, և Արթուր Աբրահամի Բարսեղյանը, ով բութ տրավմա է ստացել որովայնի հատվածում, ունի ճողվածք:
Մուրադովայի և Բարսեղյանի վիճակը շարունակում է մնալ կայուն: «Ավտովթարի արդյունքում տեղափոխված վիրավորներից հիվանդանոցում են գտնվում հինգը: Մյուսները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ կամ հարազատները եկել, տարել են»,- հայնտեցին հիվանդանոցից:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 17-ին' ժամը 06.27-ին, ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209 կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան-Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:
Նախնական տվյալներով' միկրոավտոբուսում եղել է 20 մարդ: Ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են Արմեն Ղուկասյանը (երկրորդ վարորդը, 1978թ. ծնված) և Ռիտա Հովհաննիսյանը (1962 թ. ծնված):
Մինչ այժմ հայտնի է ավտովթարի ենթարկված ՀՀ քաղաքացիների մի մասի ինքնությունը (1997թ. ծնված Բրոյան Էսթեր, 1975թ. ծնված Բալգինա Սվետլանա, 1962թ. ծնված Խուդոյան Գյուլիզարա, 1960թ. ծնված Խաչատրյան Հրաչ, 1993թ. ծնված Ղուկասյան Կառլեն, 1963թ. ծնված Պողոսյան Վազգեն, 1969թ. ծնված Պոկույան Սերժ, 1998թ. ծնված Հովհաննիսյան Արմեն, 1994թ. ծնված Հարությունյան Արծրուն, Բեյրուսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են), Պողոսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են), 1960թ. ծնված Բեյբուոցյան, մյուս քաղաքացու տվյալները ճշտվում են):
Մյուս 5 ուղևորները շարունակել են իրենց ճանապարհը: