Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը։ Վթարի հետևանքով՝ մեկ մարդ մահացել է, ևս 8-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գյումրի» Բժշկական կենտրոն։ 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը տուժածների առողջական վիճակի մասին որոշ մանրամասներ ներկայացրեց։ ԲԿ-ի տնօրենի խոսքով՝ տուժածներից և ոչ մեկի մոտ կյանքին սպառնացող վտանգ չկա։ «Կան ծանր, միջին ծանրության տուժածներ, բայց հիմնականում կյանքին սպառնացող վտանգ չկա։ Կան վիրահատված հիվանդներ, կատարվել են բարդ վիրահատություններ։ Վիրահատությունները նորմալ են անցել, հիմա սպասում ենք, որպեսզի տեսնենք՝ հետվիրահատական շրջանը ոնց կլինի։ Հիվանդներ կան, որոնք բուժման ընթացքում են, վիրահատության չեն ենթարկվել։ Ծանր վիրահատություն տարած հիվանդներից մեկն ազդրերի, պարանոցի կոտրվածք ունի, որը հետագայում էլի վիրահատվելու են։ Հիմնականում տրավմատիկ բնույթի վնասվածքներ են, կան բարդ կոտրվածքներ, իրենք երկարատև բուժման կարիք ունեցող հիվանդներ են»,- մանրամասնեց Իսահակյանը։

 

Ըստ նրա՝ այս պահին ունեն երկու հիվանդ, որոնց վիճակը ծանր է, մեկ հիվանդ էլ հավանաբար այսօր կամ վաղը դուրս կգրվի։ Հիվանդներից մեկի մոտ առկա է թոքի վնասվածք, որին կրծքային վիրաբույժն է համապատասխան օգնություն ցուցաբերել։ Իսահակյանի տեղեկացմամբ՝ տուժածներից երկուսը եղբայրներ են։ Բժշկական կենտրոնի տնօրենի փոխանցմամբ՝ այս պահին ամենածանրը տուժածներից 1960 թվականի ծնված Խումարյան Ազատի վիճակն է, որի մոտ սրունք-թաթային հատվածը կիսաամպուտացված էր. «Դա վերականգնվել է։ Վիրահատությունը լավ է անցել, սպասում ենք հետվիրահատական շրջանին։ Նրա մոտ առկա է նաև ադզրի վզիկի փակ բեկորային կոտրվածք տեղաշարժով»։

 

Իսահակյանը նշեց, որ միկրոավտոբուսում եղած 9 ուղևորներն էլ Գյումրիից են, միասին գնացել էին հոգեհանգստի արարողության, երեկոյան ուշ են վերադարձել և տեղի է ունեցել ողբերգությունը։