Մոսկվայում ՀՀ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներից մեկում 31-ամյա հայ տղամարդու մոտ ինֆարկտի նախանշաններ են առաջացել, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց մոսկվայաբնակ հայ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը, ով պարբերաբար այցելում է «Դոմոդեդովո»-ում գտնվող մեր հայրենակիցներին, ինչպես նաև կապի մեջ է հյուրանոցներում տեղավորված հայերի հետ, որոնք չեն կարողանում վերադառնալ Հայաստան: «Մինչև հյուրանոց տեղափոխվելը նա ունեցել է սրտի վիրահատություն, որի արդյունքում տեղադրել են 4 ստենդ։ Ամուսնական զույգը արդեն չունի ֆինանս և չի պատկերացնում՝ ինչպես պետք է վճարի բժշկական ծառայությունների դիմաց։ Իսկ Հայաստան գնալու մասին դեռ ոչ մի տեղեկություն չունեն»,- ասաց նա։ Մեզ հետ զրույցում 31-ամյա տղամարդու կինը՝ Արմինե Մելիքբեկյանը, փոխանցեց, որ ամուսինն այս պահին վրակենդանացման բաժանմունքում է և իրենք հնարավորություն չունեն բուժհաստատության ծախսերը հոգալու: Նա պատմեց, որ դեռևս ապրիլի կեսերից հայտ է ներկայացրել դեսպանատուն, որպեսզի իրենց տեղափոխեն Հայաստան, քանի որ ամուսինն առողջական լուրջ խնդիրներ ունի և բուժում է հարկավոր. «Մեզ չտեղափոխեցին Հայաստան, այլ տեղավորեցին հյուրանոցում: Ես, իհարկե, շնորհակալ եմ, որ մեզ կացարան հատկացրեցին, բայց ամուսնուս վիճակը գնալով վատանում էր, զանգում էի դեսպանություն, ասում էին՝ սպասեք: Ամուսնուս բուժում էր հարկավոր, ինչը չէր ստանում ու դրա արդյունքում հայտնվեց հիվանդանոցում»,- նեղսրտեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ ինքն աշխատել է Մոսկվայի գեղեցկության սրահներից մեկում, սակայն կորոնավիրուսի հետևանքով փակվելուց հետո հայտնվել են դրսում: Մարիամ Հովսեփյանն ահազանգեց նաև, որ հյուրանոցում գտնվող հղի կնոջ վիճակը ևս լավ չէ. «Նրա համար նույնպես շտապօգնություն են կանչել, բայց նրան տեղում օգնություն են ցուցաբերել և թողել հյուրանոցում։ Ասեմ նաև, որ հյուրատներում կան շատ ջերմող տղամարդիկ, ովքեր չունեն բժշկական ապահովագրություն ՌԴ-ում, հետևաբար տեղում բժշկական օգնությունը իրենց համար նույնպես կարող է լինել միայն վճարովի»,- ասաց նա։ Նշենք, որ մարտի 20-ից մինչև այսօր ՌԴ-ում ՀՀ դեսպանության օժանդակությամբ մերձմոսկովյան հյուրանոցներում ապահովվել է ՀՀ 1200 քաղաքացու կեցություն: Այսօրվա դրությամբ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, հյուրատներում և ժամանակավոր կացարաններում գտնվում է ՀՀ 350 քաղաքացի, որոնք ապահովվում են սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ ՌԴ-ից ՀՀ վերջին չվերթը եղել է ապրիլի 23-ին, թե ե՞րբ կլինի հաջորդը՝ դեռևս անհայտ է։ Ապրիլ ամսին կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, որոնցից ավելի քան 1300-ը՝ անվճար հիմքով։
Սոնա Հարությունյան