Ո՞վ է այն մարդը, որը սնունդ էր հասցրել ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին, որոնք մի քանի օր մնացել էին առանց ուտելիքի, գրում է armtimes.com-ը:



Այս հարցի պատասխանը երկար ժամանակ հետաքրքիր, բայց մութ էր հանրության համար: Իսկ երբ «Սասնա ծռերը» զենքերը վայր դրեցին ու հանձնվեցին իրավապահներին, այդ մասին պատմող տեսանյութից շատերը դեմքով ճանաչեցին «հաց բերողին»: Մինչ այդ նաեւ հայտնի էր դարձել նրա անունը` Արթուր Սարգսյան: Հուլիսի 26-ին «Սասնա ծռերը» հայտարարություն էին տարածել, որտեղ մասնավորապես նշել էին. «Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»:



Երեկ մենք զրուցել ենք Արթուր Սարգսյանի ընկերոջ` Տիգրան Պալյանի հետ: Նրանք ծանոթացել են շատ տարիներ առաջ` Երեւանի Վերնիսաժում ու տեւական ժամանակ աշխատել կողք կողքի: 




- Պարոն Պալյան, ո՞վ է Արթուր Սարգսյանը, ի՞նչ կարող եք պատմել նրա մասին:



- Արթուրին ճանաչում եմ 1992 թվականից, սկզբում Մարտիրոս Սարյանի արձանի մոտ գտնվող Վերնիսաժում էինք աշխատում, 1993 թվականից` այսօրվա Վերնիսաժում: Ապրում էր մոր եւ եղբոր հետ` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի շենքերից մեկում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանը, բայց 25 տարի զբաղվում էր փայտի փորագրությամբ, որն իր ապրուստի միակ միջոցն էր: Ողնաշարը, եթե չեմ սխալվում, վնասել էր պատերազմի ժամանակ Ղարաբաղ ապրանք տանելիս (սա աղոտ եմ հիշում): Հիմա ինքը հաշմանդամություն ունի: Ամուսնացավ 1996 թվականին, մի փոքր բարդ իրավիճակ եղավ, դրա մասին չեմ կարող խոսել, այժմ չգիտեմ` ում հետ է ապրում` մենա՞կ, թե՞ կնոջ։ Չափից դուրս բարի էր, որը ես չէի ընդունում, շաբաթ-կիրակի առավոտյան վաճառվող գործերը դասավորում էինք Վերնիսաժում, թողնում մեր ընկերների հսկողությամբ ու գնում էինք Քանաքեռի եկեղեցի, որտեղ ինքը, որպես սարկավագ, պատարագին էր մասնակցում, հետո վերադառնում էինք մեր հիմնական գործին։ Հետագայում, չմանրամասնեմ, մենք բաժանվեցինք։ Գուցե ես մեղավոր եմ եղել, բայց իրեն օգնելու պատճառով սխալ քայլի գնացի եւ որպես ընկեր՝ կորցրեցի:



- Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտնի քայլը: Մտածո՞ւմ էիք, որ նման բանի ընդունակ է:



- Եթե ինձ հարցնեին` ձեր ընկերներից ով կարող էր նման քայլ անել, ես անմիջապես իր անունը կտայի: Ես ֆեյսբուքյան իմ գրառումներից մեկում, երբ չգիտեի` ով էր այդ տղան, կասկած էի հայտնել ու գրել, որ դա սարքած գործ է: Սակայն նախօրոք նշել էի, որ ներողություն կխնդրեմ, եթե սխալվեմ: Ու վերջում պարզվեց՝ իմ ընկերն էր: Եթե դա ինքը չլիներ, այլ լիներ իմ մեկ այլ ընկեր, ես դարձյալ կկասկածեի: Իր դեպքում բացառվում է: Հրեշտակներին ու սրբերին չեմ հավատում, ինքը մարդ է, իսկական մարդ, ես խոնարհվում եմ իր առաջ:



- Նա այլեւս Վերնիսաժո՞ւմ չէր աշխատում:



- Վաղուց չեմ տեսել, ինձ թվում է՝ էլի Վերնիսաժում պիտի լինի կամ գործերը ուղարկի։ Դա միայն շաբաթ օրը կարող եմ իմանալ, երբ գնամ Վերնիսաժ:



- Ի՞նչ եք կարծում` իշխանությունները, իրավապահները իր հետ ինչպե՞ս կվարվեն: Հնարավո՞ր է նրա համար նույնպես պատիժ սահմանվի, որեւէ հարմարեցված հոդվածով նրան էլ մեղադրանք առաջադրվի: 



- Իր նկատմամբ իրավապահները, կարծում եմ, պիտի հարգանքով վերաբերվեն, քանի որ նման անձնազոհություն միայն ֆիլմերում կտեսնեին։ Իսկ պատժամիջոց սահմանելը ուղղակի կլինի իրավապահների 21-րդ դարի խայտառակությունը։ Նման մարդիկ պետք է լինեն ամենուր: 



- Ըստ Ձեզ, ինչը կարող էր Արթուր Սարգսյանին նման վտանգավոր քայլի մղել` անսահման բարությո՞ւնը, որի մասին նշեցիք, «Սասնա ծռերի» նկատմամբ ունեցած համակրա՞նքը, թե՞ մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական եւ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց գոյությունը սեփական մաշկի վրա է զգացել:


- Առաջին հերթին` սոված մարդիկ: Ինքը բացառիկ բարի տղա է, կասեի` հիվանդագին բարի: Հետո` հերոսներին օգնելու ցանկությունը, որոնք պայքարում են նաեւ իր համար:



Մեղադրանքը նույնն է 

«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրվել են նույն մեղադրանքները, ինչ խմբի մյուս անդամներին, ու նա եւս կալանավորված է: ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով Սարգսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու, իսկ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու եւ փոխադրելու մեջ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչեւ 23 տարվա ազատազրկում:



Խմբի, այդ թվում` Արթուր Սարգսյանի պաշտպաններից մեկը` Արայիկ Պապիկյանը, նրանց արարքները համարժեք դիտարկվելու վերաբերյալ ասաց. «Դա քննիչների հանճարեղ մտքի արգասիքն է: Նշվում է, որ Արթուր Սարգսյանը հուլիսի 17-ին խմբի կազմում մտել է (ՊՊԾ գնդի տարածք-խմբ.), դեռեւս գիտությանը անհայտ ճանապարհով դուրս է եկել, հուլիսի 26-ին էլ սնունդ է տարել: Մենք շուրջ երկու ժամ քննիչից փորձում էինք պարզել` ինչպես է ինքը մտել, դուրս եկել եւ նորից մտել, կա՞ արդյոք ապացույց, որ մտել եւ դուրս է եկել: Քննիչը միայն պնդում էր, որ միասին են մտել: Գոնե չի ասում, որ այս մեղադրանքը, որը բերել ենք, «քոփի փեսթ» ենք արել, միայն անուն-ազգանուններն ենք փոխել: Այնքան են շտապել մեր բոլոր տղաներին կալանավորել, որ անգամ այդ մի հոգու դեպքում մեղադրանքը չեն փոխել:



- Իսկ հնարավո՞ր չէ, որ դա ոչ թե շտապելու, այլ միտումնավորության հետեւանք լինի, որովհետեւ ես ինչքան հիշում եմ, ոստիկանությունը ի սկզբանե չէր հաստատում, որ ինչ-որ մեկը մտել է ՊՊԾ գունդ եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերին»: 



- Չգիտեմ, ամեն ինչ կարող ենք կասկածել, ենթադրել: Փաստը մնում է փաստ, որ դատարանում քննիչը ապացույց չուներ հուլիսի 17-ին տղաների հետ մտնելու մասին, ընդ որում, զենք-զինամթերք փոխադրելու, պահելու վերաբերյալ նույնպես չուներ ապացույց, պատանդ պահելու մասին ընդհանրապես ապացույց չուներ: Այսինքն` այդ տղային ուղղակի անհասկանալի մեղադրանք է առաջադրվել:



Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: