ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
Այս առնչությամբ ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«2016թ. հուլիսի 30-ին www.asparez.am լրատվական կայքում հրապարակվել է «Գողական անձանց սադրիչ քայլերի հետեւանքով Գյումրիում կին եւ անչափահաս են բերման ենթարկվել, բռնության են ենթարկվել ԳԱԼԱ-ի եւ NEWS.am-ի աշխատակիցները» վերտառությամբ հոդվածը, որի համաձայն նույն օրը Գյումրի քաղաքում կատարվող խաղաղ ցույցի ընթացքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում խաղաղ ցուցարարներն անօրինական բերման են ենթարկվել ոստիկանություն: Քայլերթի մասնակիցների հավաստմամբ' իրավիճակը հրահրել եւ վեճի են վերածել ոստիկանության կողմից ուղարկված քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Վերջիններս սկսել են հայհոյել եւ վիրավորել Թատերական հրապարակում հավաքված քաղաքացիներին:
Ընդհարումից հետո ակտիվիստները արգելափակել են Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի երթեւեկությունը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կումայրիի բաժանմունքի ծառայողները փողոցը փակած երիտասարդներին ուժի գործադրմամբ տեղափոխել են հարակից մայթ, ապա ոստիկանական ուժերով բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների:
Ըստ նշված լրատվամիջոցի հրապարակման' ակտիվիստներից զատ, մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մասնավորապես' ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակցին մի քանի ոստիկաններ փորձել են բերման ենթարկել, «News.am» կայքի լրագրողը եւ մեկ այլ լրագրող մարմնական վնասվածքներ են ստացել, վնասվել է «Շանթ» հեռուստաընկերության տեսախցիկը: Անօրինական քաշքշուկների մեջ է հայտնվել նաեւ «Ասպարեզ» ակումբի նախագահը, ում ձեռքերին բռնության հետքեր են եղել:
Զանգվածային լրատվության միջոցի հիշյալ հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: