Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսեցին խոսել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր նոր հանդիպման մասին: Նույնիսկ տեղեկություններ հայտնվեցին, թե Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո այդ հանդիպումն այս անգամ կարող է կազմակերպվել Ֆրանսիայում, նույնիսկ ժամկետն էր նախանշվում՝ օգոստոս: Հետո այդ մասին այլևս խոսակցություն չեղավ, վերլուծական հրապարակումներից մեկ-երկուսում որպես նախագահների հնարավոր հանդիպման վայր նշվում էր դարձյալ Ռուսաստանը:

 

Առկա գործընթացներից՝ այն մասով, որքանով դրանք տեսանելի են, կարելի է այն տպավորությունը ստանալ, որ եթե առաջիկա ամիսներին Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնեն հանդիպել իրար հետ, ապա կարող են համաձայնել միայն Ռուսաստանում հանդիպելու պայմանով, ընդ որում, ոչ շուտ, հնարավոր է, այդ հանդիպումը սեպտեմբերին էլ չկայանա: Եվ, իրոք, նախագահներն այս փուլում իրար ասելու նոր բան չունեն, և դժվար թե ժամանակ վատնեն անիմաստ հանդիպման վրա: Ավելին. առաջիկայում անարդյունք հանդիպումը կարող է ոչ թե ամրապնդել ներկայիս հարաբերական ու փխրուն խաղաղությունը, այլ խախտել այն կամ ներկայիս ստատուս քվոն:

 

Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանը գործնականում խախտել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, փաստացի հրաժարվել է շփման գծում հետաքննության մեխանիզմի ստեղծումից, որը թույլ կտա արձանագրել և ապացուցել, թե ամեն անգամ կողմերից որ մեկն է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը, իսկ մյուս կողմը ստիպված պատասխանել: Հրաժարվել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնման և թվաքանակի ավելացման պայմանավորվածությունից:

Ի սկզբանե էլ պարզ էր, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ Ադրբեջանը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու է, քանի որ հակառակ պարագայում այլևս չի կարողանալու խախտել հրադադարի ռեժիմը ու դրա խախտման մեղքը գցել հայկական կողմի վրա: Չի կարողանալու այլևս շարունակել մեր նկատմամբ իր՝ պետական քաղաքականության մակարդակի բարձրացրած շանտաժի քաղաքականությունը, որով հետապնդում է և՛ այս պահի, և՛ հեռահար նպատակներ:

 

Ալիևը միայն մի դեպքում վերոնշյալ պայմանավորվածությունները կկատարի՝ մեր ազատագրած տարածքները կամ դրանց մի մասն իրեն հանձնելու կամ առնվազն՝ հանձնման երաշխիք ստանալու, ինչից հայկական կողմը հրապարակավ ու բարձրաձայն հրաժարվում է' դա համարելով միակողմանի և անընդունելի զիջում: Այս պարագայում անհասկանալի է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ինչ թատրոն է խաղում' հայտարարելով, թե Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ակնկալիք ունեն:

 

«Նախագահների ակնկալվող հանդիպումը պետք է ցույց տա կողմերի պատրաստակամությունը հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում,- հունիսի վերջերին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ուորլիքը:- Մենք նաև ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կնպաստի բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն, ինչպես նաև թույլ կտա շարունակել կողմերի միջև լարվածության թուլացմանն ուղղված աշխատանքները»:

 

«Խաղաղ գործընթացում հավելյալ առաջընթացի հասնելու համար մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական համատեղ հանդիպումը կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում»,- մոտ մեկ շաբաթ առաջ ասել է Ուորլիքը և հավելել, որ համանախագահ երկրները հավատարիմ են նախագահների միջև երկխոսության շարունակման իրենց հանձնառություններին և դիտարկում են մոտ ժամանակներս նրանց հերթական հանդիպման հնարավորությունը:

 

Եթե ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր դերում լիներ, ապա Ուորլիքի այս հայտարարությունից հետո պետք է նրան հրապարակայնորեն ասեր՝ հարգելի պարոն Ուորլիք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն էլ դուք եք, գերտերություն եք ներկայացնում, նախագահների հերթական համատեղ հանդիպումը կազմակերպելու հնարավորություն փնտրելուց առաջ, նախ գնացեք, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ հասեք այն բանին, որ Ադրբեջանը կատարի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, դրանից հետո նախագահների հանդիպումը կազմակերպելու հնարավորություն փնտրելու անհրաժեշտությունը չի լինի, առանց դրա էլ նրանք իրար հետ կհանդիպեն:

 

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ասածին, թե իրենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ակնկալիք ունեն, ապա իրականությունը ճիշտ հակառակն է: Եթե նախկինում, երբ Հայաստանը հանդես է եկել բանակցային չափազանց մեղմ դիրքերից (հիշենք Կազանի փաստաթղթին Հայաստանի չառարկելը), Ալիևի մեղքով հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չի եղել, ապա այժմ, երբ Ադրբեջանն, ըստ էության, հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, իսկ Հայաստանն էլ դա և այլ հանգամանքներ նկատի ունենալով, իրավացիորեն և արդարացիորեն խստացրել է իր բանակցային դիրքորոշումը, կարգավորման գործընթացում առաջընթաց ընդհանրապես չի կարող լինել:

 

Այն, որ Հայաստանը խստացրել կամ առաջին իսկ հանդիպման ժամանակ խստացնելու է իր բանակցային դիրքորոշումը (ՀՀ նախագահը հավանաբար այդ մասին Վլադիմիր Պուտինին կհայտնի այսօր կայացած հանդիպման ժամանակ), հուշում են օրերս ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունները: Նշելով, որ Բաքուն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցությունների արդյունքները վիժեցնելու քայլեր է անում, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարել է, թե ինչ է ակնկալում հայկական կողմը բանակցությունների արդյունքում՝ Արցախի օկուպացված տարածքների վերադարձ և արցախահայության ինքնորոշման իրավունքի ընդունում:

 

Եթե նախկինում տարածքային զիջումների դիմաց հայկական կողմի միակ կամ հիմնական պահանջը արցախահայության ինքնորոշման իրավունքի ընդունումն էր Ադրբեջանի և միջազգային հանրության կողմից, ինչին Ադրբեջանը կտրականապես դեմ էր և այժմ էլ դեմ է, ապա այժմ, թեկուզ մեծ ուշացումով, սակայն միանգամայն արդարացիորեն նշված պահանջին կարծես թե գումարվել է նաև Արցախին նրանից օկուպացված տարածքների վերադարձման շատ կարևոր պահանջը: Ո՞վ է ասում, թե միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության սկզբունքի համատեքստում կարելի է ու պետք է խոսել միայն հայերի ազատագրած տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու մասին, իսկ նույն սկզբունքի շրջանակում չի կարելի ու չպետք է խոսել Արցախի տարածքային ամբողջականությունը հարգելու և նրանից Ադրբեջանի օկուպացրած տարածքները Արցախին վերադարձնելու մասին: Մնում է, որ այն, ինչ ասել է Շավարշ Քոչարյանը, հնչի նաև ՀՀ նախագահի կամ գոնե արտաքին գործերի նախարարի շուրթերից:

 

Կարծում եմ, բոլորին է հասկանալի, որ հայկական կողմի այս ակնկալություններին, պահանջներին Ադրբեջանն էլ ավելի կտրական կերպով է դեմ լինելու, քան նախկինում, երբ վերը նշված պահանջներից ընդամենը մեկը՝ միայն վերջինն էր ներկայացվում: Այս պարագայում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին խոսելով, ինչպե՞ս է հայտնում, թե համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ակնկալիք ունեն, երբ Ադրբեջանն իր դիրքորոշման պատճառով առաջընթաց ակնկալելու որևէ հնարավորություն չի թողել: Ինչի՞ համար են միջազգային մակարդակի այս թատրոնն ու կեղծիքը…

 

Արթուր Հովհաննիսյան